Հեմորոիդէկտոմիան կամ թութքահատումը սուր հեմորոիդների (թութքային հանգույցների) հեռացման վիրահատությունն է:
Սա սովորաբար մեկօրյա միջամտություն է և իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո: Հեմորոիդէկտոմիան տարածված և ընդհանուր առմամբ անվտանգ վիրահատություն է, սակայն միջամտությունից հետո վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթ և ուղեկցվել թույլից մինչև ուժեղ ցավերով:
Ինչո՞ւ է հեմորոիդէկտոմիան իրականացվում
Թութքի հանգույցների մեծ մասը կարող է բուժվել դեղերով կամ ոչ վիրահատական այլ միջոցառումներով, ինչպես նաև կանխարգելվել ճիշտ սննդակարգով և վարժանքներով:
Եթե ոչ վիրահատական բուժումները կամ նվազագույն ինվազիվ միջամտությունները չեն օգնում կամ թութքի հանգույցը բավականին մեծ է, բժիշկը կարող է առաջարկել հեմորոիդէկտոմիա:
Մեծացած, չբուժվող կամ բարդացած հանգույցների հեռացումը կարող է մեղմացնել անհարմարավետություն առաջացնող ախտանիշները, սակայն թութքը կարող է կրկնվել:
Ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
Եթե պատրաստվում եք ենթարկվել հեմորոիդէկտոմիայի, պետք է խստորեն հետևեք վիրահատող բժշկի բոլոր հրահանգներին և խորհուրդներին:
Օրինակ, ձեզ հավանաբար կխնդրեն, որ մինչև հիվանդանոց ընդունվելը որևէ սնունդ կամ հեղուկ չընդունեք: Եթե ստանում եք հակամակարդիչ դեղեր, ձեզ կարող են նաև խնդրել, որ միջամտությունից մի քանի օր առաջ ժամանակավորապես դադարեցնեք ձեր ամենօրյա դեղերի ընդունումը: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ և տեղեկացրեք նրան ձեր բոլոր դեղամիջոցների և դրանց ընդունման կարգի մասին:
Ձեզ նաև կարող են խնդրել, որ նախապես կատարեք աղիների դատարկում՝ հոգնայի կամ լուծողականների միջոցով:
Հեմորոիդէկտոմիայի ընթացքը
Վիրահատությունն ընթանում է ընդհանուր անզգայացման ներքո, ուստի դուք վիրահատական միջամտության ողջ ընթացքում լինելու եք քնած և որևէ ցավ կամ այլ զգացողություն չեք ունենալու:
Կան վիրահատական տարբեր մեթոդներ, օրինակ՝
- հանգույցների հատում և հեռացում (թութքահատումը)
- հանգույցների ներուղղում և ֆիքսում (ամրացում)
- հանգույցը սնուցող զարկերակի փակում (դեարտերիալիզացիա), որն օգնում է թութքի փոքրացմանը:
Հեմորոիդէկտոմիայից հետո
Վիրահատությունից հետո դուք հավանաբար կունենաք հետանցքի շրջանում ցավեր և թույլ արյունահոսություն: Ցավերի դեպքում ձեզ կարող են խորհուրդ տալ ցավազրկող հաբեր:
Բազմաթիվ մարդիկ կարող են տուն վերադառնալ նույն օրը՝ անպայման ուղեկցողի ներկայությամբ:
Ձեզ կարող են խորհուրդ տալ, որ սննդակարգի կամ դեղերի միջոցով փափկացնեք աղիքային պարունակությունը, որպեսզի կղազատման ժամանակ մեծ ցավեր և վիրահատական վերքի վնասում չառաջանան: Սննդակարգը նաև կարող է օգնել, որ խուսափեք փորկապությունից: Սա նշանակում է, որ ձեզ կարող են առաջարկել բջջանքով (բջջանյութով) հարուստ սննդակարգ, օրինակ՝ մրգեր և բանջարեղեններ, ինչպես նաև առատ հեղուկներ (ջուր):
Վիրահատությունից մի քանի օր հետո դուք պետք է այցելեք կլինիկա, որ բժիշկը ստուգի ձեր ընդհանուր վիճակը, կատարի վիրակապություն և տա խորհուրդներ:
Հնարավոր բարդություններ
Հեմորոիդէկտոմիան անվտանգ վիրահատական միջամտություն է: Սակայն, ինչպես ցանկացած այլ վիրահատություն, այն զերծ չէ որոշ ռիսկերից ու բարդություններից, օրինակ՝
- առատ արյունահոսություն
- միզարձակման դժվարություններ
- վարակում և բարձր ջերմություն
- ուղիղաղիքային սֆինկտերի (սեղման) գործունեության վերահսկողության խանգարումներ
- հետանցքային խողովակի նեղացում կամ վնասում:
Այս ախտանիշներից որևէ մեկի առկայության կամ կասկածի դեպքում առանց ուշացնելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Թութքի մասին
Այցելե՛ք Մեդեքսի թութքի վերաբերյալ էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 07-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024