Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի չորս հիմնական առանձնահատկությունները ներառում են հետևյալը:
- Ցան (ծիրանացան, պուրպուրա). հետույքի, ոտքերի և ոտնաթաթերի վրա առաջանում են կարմրա-մանուշակագույն բծեր, որոնք նման են կապտուկների։ Ցանը կարող է հայտնվել նաև ձեռքերի, դեմքի և իրանի վրա և կարող է ավելի վատ լինել սեղմվող-ճնշվող շրջաններում, ինչպիսիք են գուլպաների գիծը և գոտկատեղը:
- Այտուցված, ցավոտ հոդեր (արթրիտ). Հենոխ-Շենլեյնի պուրպուրա ունեցող մարդիկ հաճախ գանգատվում են հոդերը շրջապատող այտուցից և ցավից, հիմնականում՝ ծնկների և կոճերի շրջանում: Հոդացավը երբեմն մեկ կամ երկու շաբաթով նախորդում է դասական ծիրանացանին: Այս ախտանիշներն անհետանում են, երբ հիվանդությունը նահանջում է և երկարատև վնասում չի առաջացնում:
- Մարսողական խողովակի ախտանիշներ. Հենոխ-Շենլեյնի պուրպուրայով բազմաթիվ երեխաներ ունենում են որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում և արյունոտ կղանք: Այս ախտանշանները երբեմն առաջանում են ցանի հայտնվելուց առաջ։
- Երիկամների ներգրավում. Հենոխ-Շենլեյնի պուրպուրան նաև կարող է ազդել երիկամների վրա: Շատ դեպքերում սա դրսևորվում է մեզի մեջ սպիտակուցի կամ արյան հայտնվելով, որը երբեմն կարող է հայտնաբերվել միայն մեզի թեստով: Սովորաբար դա անհետանում է հիվանդության մեղմացումից հետո, թեև որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ կայուն երիկամային հիվանդություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք Հենոխ-Շենլեյնի պուրպուրա և դա լուրջ խնդիրներ է առաջացնում ձեր մարսողական համակարգի հետ:
Եթե ձեր երեխայի մոտ առաջանում է այս վիճակի հետ կապված ցան, հնարավորինս շուտ դիմեք նրա բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024