Հեպատիտ A-ն հարուցվում է համանուն վիրուսով (HAV), որը վարակում է լյարդի բջիջները և բորբոքում լյարդը։
Բորբոքումը կարող է ազդել լյարդի գործունեության վրա և զարգացնել հեպատիտ A-ի մյուս ախտանիշները:
Վիրուսը տարածվում է, երբ վարակված կղանքը, նույնիսկ չնչին քանակությամբ, մտնում է մեկ այլ մարդու բերան (կղանք-բերանային փոխանցում): Դուք կարող եք հեպատիտ A-ով հիվանդանալ, երբ ուտում կամ խմում եք վարակված կղանքով աղտոտված որևէ բան: Դուք նաև կարող եք վարակվել հեպատիտ A-ով հիվանդ մարդու հետ սերտ շփման միջոցով: Վիրուսը կարող է մի քանի ամիս ապրել մակերեսների վրա: Վիրուսը չի տարածվում պատահական շփման կամ փռշտալու կամ հազի միջոցով։
Ստորև ներկայացնում ենք հեպատիտ A-ի վիրուսի տարածման որոշ առանձնահատուկ ուղիներ՝
- հեպատիտ A-ով վարակված որևէ մեկի կողմից ձեռք տված սննդի ընդունում, ով զուգարանից օգտվելուց հետո չի լվացել ձեռքերը
- աղտոտված ջրի խմում
- կոյուղաջրերով կեղտոտված ջրից բռնած խեցեմորթերի հում վիճակում օգտագործում
- վարակված մարդու հետ սերտ շփում, նույնիսկ եթե վերջինս որևէ գանգատ կամ ախտանիշ չունի
- վարակված մարդու հետ սեռական հարաբերություն:
Հեպատիտ A-ն ավելի տարածված է մաքուր ջրից աղքատ երկրներում կամ տեղանքներում կամ այնպիսի միջավայրերում, որտեղ զուգարանից օգտվեուց հետո ձեռքերը լվանալը և հիգիենայի այլ կանոնները սոցիալական նորմ չեն դարձել։
Ռիսկի գործոններ
Հեպատիտ A-ով վարակվելու ռիսկը բարձրանում է, եթե դուք՝
- ճանապարհորդում կամ աշխատում եք այնպիսի վայրերում, որտեղ հեպատիտ A-ն տարածված է
- հաճախում կամ աշխատում եք նախակրթարանում կամ երեխաների խնամքի կենտրոններում
- նույն հարկի տակ բնակվում եք հեպատիտ A ունեցող անձի հետ
- տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ եք
- որևէ տեսակի սեռական շփում եք ունենում հեպատիտ A ունեցող անձի հետ
- ՄԻԱՎ-դրական եք
- անօթևան եք կամ չունեք մշտական բնակավայր
- օգտագործում եք որևէ տեսակի ապօրինի թմրամիջոց (ոչ միայն ներարկային):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024