Հեպատիտ C. պատճառներ
17-05-2021
2 րոպե

Հեպատիտ C վարակը հարուցվում է հեպատիտ C վիրուսով (HCV):
Վարակը տարածվում է, երբ վիրուսով ախտոտված արյունը թափանցում է չվարակված մարդու արյան հուն: Վիրուսի փոխանցման այս ճանապարհը գործում է վարակված ասեղներից, ներարկիչներից կամ ներարկման պարագաներից օգտվելիս (հատուկ է ապօրինի ներարկային թմրամիջոցներ օգտագործող անձանց) և վարակված դոնորական արյան փոխներարկման ենթարկվելիս։
Նույն այս մեխանիզմով հեպատիտ C-ով հիվանդ հղի մայրը կարող է վարակել պտղին։ Կրծքով կերակրումը մոր վարակված լինելու պարագայում նորածնի համար սովորաբար անվտանգ է։
Գոյություն ունեն հեպատիտ C վիրուսի մի քանի տարբեր ձևեր, որոնք հայտնի են որպես գենոտիպեր: Առ այսօր առանձնացվել են վիրուսի 7 տարբեր գենոտիպեր և ավելի քան 67 ենթատեսակներ: ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում HCV-ի 1-ին գենոտիպն ամենատարածվածն է:
Անկախ գենոտիպի տեսակից, քրոնիկ հեպատիտ C-ն ընթանում է միանման կլինիկական նշաններով, սակայն բուժումը էապես կախված է վիրուսային գենոտիպից:
Ռիսկի գործոններ
Հեպատիտ C վարակի ռիսկը բարձրացնում է, եթե դուք՝
- բուժաշխատող եք և ենթարկվել եք վարակված արյան ազդեցությանը (ավելի հաճախ՝ վարակված ասեղով մաշկի պատահական ծակում)
- երբևէ ներարկվել կամ շնչել եք ապօրինի թմրամիջոցներ
- ունեք ՄԻԱՎ վարակ
- անցել եք պիրսինգի կամ տատուի միջամտություն վատ հիգիենիկ պայմաններում և ոչ ստերիլ պարագաներով
- ենթարկվել եք արյան փոխներարկման կամ օրգանի փոխպատվաստման միջամտության մինչև 1992-ը կամ այնպիսի երկրում, որտեղ առկա է հեպատիտ C վարակի բարձր տարածվածություն
- ստացել եք արյան բաղադրամասեր մինչև 1987-ը
- երկար ժամանակ ստացել եք հեմոդիալիզ
- ծնվել եք հեպատիտ C վարակով մորից
- երբևէ եղել եք կալանավայրում
- ծնվել եք 1945-1965 միջակայքում և պատկանում եք հեպատիտ C վարակի ամենաբարձր տարածվածությամբ տարիքային խմբին
- երկար ժամանակ անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել հեպատիտ C-ով վարակված զուգընկերոջ հետ:
Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2021