Հեպատիտ C. ախտորոշում
17-05-2021
2 րոպե

Հեպատիտ C-ի հայտնաբերման, ախտորոշման և լյարդի վնասման չափը գնահատելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ:
Հեպատիտ C-ի սքրինինգ
ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս, որ 18-79 տարեկան բոլոր չափահաս մարդիկ անցնեն հեպատիտ C-ի սքրինինգային հետազոտություն (վիրուսի նկատմամբ հակամարմինների որոշում), նույնիսկ եթե բացակայում են ախտանիշները կամ լյարդային հիվանդության պատմությունը: Հեպատիտ C-ի սքրինինգն առանձնահատուկ կարևոր է, եթե պատկանում եք բարձր ռիսկի խմբերից մեկնումեկին:
Եթե իմունոֆերմենտային վերլուծության միջոցով վիրուսի նկատմամբ հակամարմինների թեստը դրական է, բժիշկը կարող է առաջարկել արդյունքը ճշգրտող ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտություն:
Այլ արյան թեստեր
Եթե նախնական արյան թեստերի արդյունքները վկայում են, որ ունեք հեպատիտ C, լրացուցիչ թեստերը կարող են՝
- չափել ձեր արյան մեջ հեպատիտ C վիրուսի քանակը (վիրուսային բեռնվածություն կամ տիտր) հեպատիտ C վիրուսի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)
- նույնականացնել վիրուսի գենոտիպը:
Լյարդի վնասումը գնահատող թեստեր
Քրոնիկ հեպատիտ C-ի դեպքում բժիշկները սովորաբար նշանակում են հետևյալ թեստերից մեկնումեկը կամ մի քանիսը, որ գնահատեն լյարդի ախտահարման բնույթը և ծանրության աստիճանը:
- Մագնիսա-ռեզոնանսային էլաստոգրաֆիա. սա լյարդի բիոպսիայի ոչ ինվազիվ այլընտրանքային մեթոդ է, որը համատեղում է ՄՌՏ և գերձայնային տեխնոլոգիաիաները, որի շնորհիվ ստացվում է լյարդի պնդացումները ներկայացնող պատկեր: Պնդացած լյարդային հյուսվածքը վկայում է քրոնիկ հեպատիտ C-ի պատճառով լյարդի սպիացման կամ ֆիբրոզի (ցիռոզ) առկայության մասին:
- Տրանզիենտ էլաստոգրաֆիա. սա լյարդի պնդացումը գնահատող մեկ այլ ոչ ինվազիվ հետազոտություն է, որը հիմնված է գերձայնային (սոնոգրաֆիկ) տեխնոլոգիայի վրա:
- Լյարդի բիոպսիա. տիպիկ դեպքերում իրականացվում է գերձայնային (սոնոգրաֆիկ) հսկողության ներքո, երբ որովայնի պատով անցկացված բարակ ասեղով վերցվում է լյարդային հյուսվածքից փոքր նմուշ, որն ուղարկվում է հյուսվածաբանական լաբորատորիա:
- Արյան թեստեր. մի շարք արյան թեստեր (կոչվում են լյարդային թեստեր) կարող են վկայել լյարդի գործունեության խանգարման կամ ֆիբրոզ փոփոխության առկայության մասին (ցիռոզ):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022