Թեթև աստիճանի թարախային հիդրադենիտը երբեմն կարող է արդյունավետորեն վերահսկվել ինքնօգնության տնային միջոցներով:
Սա նաև կարևոր լրացում է դեղորայքային բուժմանը:
Այս առաջարկությունները կարող են թեթևացնել անհանգստությունը, արագացնել ապաքինումը կամ կանխել բռնկումները:
- Հետևեք մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմին. նրբորեն լվացեք ձեր մարմինը ոչ օճառային մաքրող միջոցով: Երբեմն կարող է օգտակար լինել ցնցուղ ընդունելու ժամանակ հակասեպտիկ լվացող միջոցների օգտագործելը, ինչպիսիք են 4%-ոց Քլորիխիդինը կամ Բենզոիլ պերօքսիդը: Նախ փորձեք շաբաթը մեկ անգամ, ապա ավելացրեք օգտագործումը՝ դարձնելով օրական մեկ անգամ, եթե ձեր մաշկը լավ է հանդուրժում: Վերջում զգուշությամբ չորացրեք ձեր մաշկը: Ախտահարված շրջանները լվանալիս խուսափեք անձեռոցիկներ կամ այլ նման իրեր օգտագործելուց, քանի որ դրանք կարող են գրգռել մաշկը: Մի՛ սեղմեք բշտիկները և խոցերը: Եվ խուսափեք ախտահարված շրջանները սափրելուց, մազահեռացումից կամ մազահեռացնող նրբաքսուքներ օգտագործելուց:
- Կառավարեք ձեր ցավերը. զգուշությամբ գոլ թրջոց կիրառելը կարող է նվազեցնել այտուցը և թեթևացնել ցավը: Հարցրեք ձեր բժշկին համապատասխան ցավազրկողների և տնային պայմաններում ձեր վերքերը խնամելու մասին:
- Փորձեք պահպանել կամ հասնել առողջ քաշի և մնալ ֆիզիկապես ակտիվ. առողջ քաշ չունենալը կարող է վատթարացնել թարախային հիդրադենիտի ախտանիշները: Խոսեք ձեր բժիշկների հետ ֆիզիկական ակտիվացման անհատական ծրագիր կազմելու համար: Փորձեք ընտրել այնպիսի գործողություններ, որոնք չեն գրգռում ձեր մաշկը:
- Մտածեք ձեր սննդակարգը փոփոխելու մասին. սննդակարգերը, որոնք ներառում են կաթնամթերք, կարմիր միս և բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ, կարող են վատթարացնել թարախային հիդրադենիտի ախտանիշները: Եթե ձեր սննդակարգը ներառում է այս մթերքները, հարցրեք ձեր դիետոլոգին, թե ինչպես դրանք փոխարինել անվտանգ այլընտրանքներով:
- Թողեք ծխելը. եթե ծխում եք, փորձեք թողնել այս վնասակար սովորությունը: Ծխելը դադարեցնելը կարող է թեթևացնել թարախային հիդրադենիտի ախտանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024