Դեղամիջոցներով, վիրահատությամբ կամ երկուսի զուգակցմամբ բուժումը կարող է օգնել ախտանիշների վերահսկմանը և թարախային հիդրադենիտի բարդությունների կանխարգելմանը:
Խոսեք ձեր բժշկի հետ բուժման տարբերակներից յուրաքանչյուրի ռիսկերի և օգուտների մասին և այն մասին, թե ինչպես մշակել ձեզ համար ճիշտ մոտեցում:
Ակնկալեք, որ ունենալու եք ձեր մաշկաբանի մոտ կանոնավոր այցելություններ: Որոշ մարդկանց կարող է անհրաժեշտ լինել տարբեր մասնագետներից կազմված բժշկական թիմի կողմից տրամադրվող համապարփակ բուժում:
Դեղորայքային բուժում
Ձեր բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցների այս տեսակներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Հակաբիոտիկներ. հեղուկ կամ գելային ձևով մաշկի վրա կիրառվող հակաբիոտիկը կարող է օգտագործվել թեթև ախտանիշները կառավարելու համար: Այս տեսակի դեղամիջոցները կոչվում են տեղային հակաբիոտիկներ: Ավելի տարածուն հիվանդության դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկային դեղահաբեր, ինչպիսիք են Դոքսիցիկլինը (Մոնոդոքս), Կլինդամիցինը (Կլեոցին), Ռիֆամպինը (Ռիմակտան) կամ այս դեղամիջոցների զուգակցում: Ռիֆամպինը նաև հայտնի է որպես Ռիֆամպիցին: Ծանր հիվանդություն ունեցող մարդիկ կարող են ամիսներ շարունակ հակաբիոտիկներ ընդունելու կարիք ունենալ:
- Ստերոիդների ներարկումներ. Տրիամցինոլոն ացետոնիդը կամ Կենալոգ-10-ը, որը ներարկվում է անմիջապես խոցերի մեջ, կարող է նվազեցնել այտուցը և բորբոքումը:
- Հորմոնային թերապիա. հորմոնային հաբերը, ինչպիսիք են էստրոգեն պարունակող համակցված բերանային (օրալ) հակաբեղմնավորիչները, օրինակ՝ էստրադիոլը և էստրադիոլ/Նորգեստիմատը, կարող են արդյունավետ լինել թեթև թարախային հիդրադենիտ ունեցող մարդկանց համար: Սպիրոնոլակտոնը և սովորաբար ակնեի դեմ նշանակվող Իզոտրետինոինը հաճախ օգտագործվում են հակաբիոտիկների կարիքը նվազեցնելու համար: Իզոտրետինոինը երբեմն նշանակվում է թարախային հիդրադենիտի բուժման համար:
- Կենսաբանական նյութեր (բիոլոջիկներ). այս դեղամիջոցները, որոնք սովորաբար նշանակվում են ներարկման ձևով, փոխում են իմունային համակարգն այնպես, որ խոչընդոտվի հիվանդության զարգացման ցիկլը: Դրանք կարող են շաբաթների ընթացքում բարելավել հիվանդության ախտանիշներն ու գանգատները: Այս դեղամիջոցներից մի քանիսը հաստատված են միջին և ծանր աստիճանի թարախային հիդրադենիտի բուժման համար: Դրանցից երկուսն են ուռուցքային նեկրոզային գործոնի արգելափակիչները (ինհիբիտորներ) Ադալիմումաբը (Հումիրա) և Ինֆլիքսիմաբը (Ռեմիկադե): Այս դեղամիջոցներն ազդում են՝ թուլացնելով իմունային համակարգի մի օղակը, որը կոչվում է ուռուցքային նեկրոզի գործոն: Բազմաթիվ այլ կենսաբանական դեղամիջոցներ թարախային հիդրադենիտի բուժման կլինիկական փորձարկումների փուլում են:
- Ռետինոիդներ. բերանային (օրալ) ռետինոիդները կարող են տարբերակ լինել ակնեի (պզուկների) նման հիվանդություն ունեցող որոշ մարդկանց համար: Այս դեղամիջոցները խորհուրդ չեն տրվում, երբ հղի եք, կրծքով կերակրում եք կամ եթե մտադիր եք հղիանալ:
- Ցավազրկող դեղամիջոցներ. եթե սովորական ցավազրկողները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ցավազրկող դեղամիջոց կամ ուղղորդել ձեզ ցավի կլինիկա:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Համակցված դեղորայքային և վիրաբուժական մոտեցումները օգնում են կառավարել թարախային հիդրադենիտը: Վիրահատությունը հիվանդության կառավարման կարևոր մասն է, երբ առկա է խուղակ (թունել), բուշտ կամ թարախակույտ: Այն, թե որ վիրաբուժական մոտեցումն է ճիշտ ձեզ համար, կախված է ձեր վիճակի տարածվածությունից և ծանրության աստիճանից: Խոսեք ձեր բժշկի հետ վիրահատական տարբերակների ռիսկերի և առավելությունների մասին:
- Խուղակների (թունելների) բացահատում. այս միջամտությունը ներառում է հյուսվածքի հեռացում՝ մաշկի տակ գտնվող խուղակները բացելու համար: Սա նաև հայտնի է որպես տանիքի բացում: Այն առաջարկվում է չափավոր կամ ծանր թարախային հիդրադենիտ ունեցող մարդկանց: Խնդրի այսպիսի լուծումը սովորաբար չպետք է կրկնվի:
- Դակիչ մաքրում. այս միջամտությունը, որը նաև կոչվում է տանիքի սահմանափակ բացում, ներառում է մեկ բորբոքված թմբիկի կամ բշտիկի հեռացում:
- Լազերային թերապիա. ածխածնի երկօքսիդային լազերը կարող է օգտագործվել թարախային հիդրադենիտի խոցերը վերացնելու համար: Այս բուժումից հետո քիչ հավանական է, որ խոցերը կրկնվեն: Լազերային էպիլյացիան կարող է օգնել թարախային հիդրադենիտի վաղ փուլերում:
- Վիրահատական հեռացում. այս մոտեցումը կարող է տարբերակ լինել մշտական կամ ծանր ախտանիշներ ունեցող մարդկանց համար: Այն ներառում է ախտահարված ամբողջական մաշկի հեռացում: Վերքը փակելու համար կարող է անհրաժեշտ կլինի մաշկի փոխպատվաստում: Նույնիսկ վիրահատությունից հետո խոցեր կարող են առաջանալ այլ տարածքներում:
- Հատում և դրենավորում. վիրահատական դրենավորումն այլևս չի համարվում թարախային հիդրադենիտի բուժման արդյունավետ տարբերակ: Մեթոդը կարող է դիտվել որպես կարճաժամկետ ցավազրկում ապահովող միջոց, սակայն դրանից հետո սովորաբար նորից առաջանում են խոցեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024