Թարախային հիդրադենիտ կարող է զարգանալ մարմնի մեկ կամ մի քանի հատվածների մաշկի վրա:
Գանգատները և ախտանիշները ներառում են հետևյալը:
- Սև կորյակներ. սև կորյակները (կետերը), որոնք իրենցից ներկայացնում են բաց խցանված ծակոտեններ, հայտնվում են մաշկի փոքր, ծալքավոր հատվածներում և հաճախ հայտնվում են զույգերով:
- Սիսեռի չափի ցավոտ թմբիկներ (գնդիկներ). վիճակը սովորաբար սկսվում է մաշկի տակ գտնվող մեկ, ցավոտ գոյացությունից, որը պահպանվում է շաբաթներ կամ ամիսներ: Ավելի ուշ կարող են առաջանալ ավելի շատ թմբիկներ, սովորաբար՝ այն հատվածներում, որտեղ ավելի շատ քրտնագեղձեր և ճարպագեղձեր ունեք կամ որտեղ մաշկը քսվում է իրար՝ թևատակեր (անութափոսեր), աճուկներ, հետույք և կրծքերը:
- Արտահոսող թմբիկներ (գնդիկներ), բշտիկներ կամ խոցեր. որոշ մաշկային տարրեր կամ խոցեր ավելի են մեծանում և բացվում են՝ առաջացնելով տհաճ հոտով թարախային արտադրություն:
- Խուղակներ (թունելներ). ժամանակի ընթացքում մաշկի տակ կարող են գոյանալ խուղակներ՝ միմյանց միացնելով թմբիկները: Այս վերքերը դանդաղ են ապաքինվում (եթե լավանում են) կամ կարող են մեծանալ՝ առաջացնելով թարախաարյունային արտադրություն:
Այս վիճակն ունեցող որոշ մարդիկ կարող են նշել միայն թեթև ախտանիշներ և բժշկի չդիմեն: Հիվանդության ընթացքը խիստ փոփոխական է: Ավելորդ քաշը և ծխող լինելը կապված են ավելի արտահայտված ախտանիշների հետ, սակայն այն մարդիկ, ովքեր նիհար են և չեն ծխում, նույնպես կարող են ունենալ ծանր գանգատներ և ախտանիշներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Թարախային հիդրադենիտի վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման հիմքն է: Այցելեք ձեր մաշկաբանին, եթե ձեր վիճակը՝
- պատճառում է ցավեր
- դժվարացնում է շարժումներ անելը կամ տեղաշարժվելը
- չի բարելավվում մի քանի շաբաթվա ընթացքում
- բուժումից շաբաթներ անց կրկնվում է
- ի հայտ է գալիս մի քանի շրջաններում
- հաճախակի բռնկվում է:
Մաշկաբանը կարող է ձեզ հետ միասին կազմել բուժման ծրագրի: Որոշ դեպքերում բուժմանը կարող են ներգրավվել այլ մասնագետներ, հաճախ՝ վիրաբույժ:
Նկատի ունեցեք, որ թարախային հիդրադենիտը պարզապես թարախակույտ չէ, և այս վիճակն ունեցող բազմաթիվ մարդիկ նաև ունեն հարակից առողջական խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024