Մարսողության ընթացքում օրգանիզմը սննդամթերքներում (օրինակ՝ հաց, բրինձ կամ մակարոն) առկա ածխաջրերը տրոհում է մինչև շաքարի մոլեկուլներ:
Շաքարի այս մոլեկուլներից մեկը կոչվում է գլյուկոզ: Այն օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է: Ուտելուց հետո գլյուկոզը ներծծվում և ուղղակիորեն մուտք է գործում արյան հուն, սակայն առանց ինսուլինի օգնության չի կարող թափանցել օրգանիզմի հյուսվածքների մեծ մասի բջիջներ: Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում (պանկրեաս):
Երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակն աճում է, պանկրեասն արյան հուն «բաց է թողնում» ինսուլին: Ինուլինը «բացում է» բջիջները, որ գլյուկոզը կարողանա թափանցել ներս: Սա բջիջներին ապահովում է «վառելիքով», որն անհրաժեշտ է նրանց նորմալ գործելու համար: Գլյուկոզի ավելցուկը պահեստավորվում է լյարդում և մկաններում:
Այս գործընթացը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզի քանակը և կանխարգելում է, որ այն հասնի վտանգավոր բարձր մակարդակների: Երբ արյան շաքարի մակարդակը վերադառնում է նորմայի, պանկրեասի արտադրված ինսուլինի քանակը նույնպես նվազում է:
Դիաբետը զգալի կերպով թուլացնում է ինսուլինի ազդեցություններն օրգանիզմի վրա: Սա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ձեր պանկրեասը չի կարողանում արտադրել ինսուլին, ինչպես 1-ին տիպի դիաբետի ժամանակ: Կամ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ձեր օրգանիզմը կայուն է ինսուլինի ազդեցությունների նկատմամբ կամ էլ պանկրեասը չի արտադրում բավարար ինսուլին, որ պահպանի գլյուկոզի նորմալ մակարդակը, ինչպես 2-րդ տիպի դիաբետի ժամանակ:
Դիաբետով մարդկանց մոտ գլյուկոզը սկսում է կուտակվել արյան հունում: Այս վիճակը կոչվում է հիպերգլիկեմիա: Պատշաճ բուժման բացակայության դեպքում այն կարող է հասնել վտանգավոր բարձր մակարդակների: Ինսուլինը և այլ դեղամիջոցներն օգտագործվում են, որ նվազեցնեն արյան գլյուկոզի մակարդակները:
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ կարող են նպաստել հիպերգլիկեմիային, այդ թվում՝
- ինսուլինի կամ դիաբետի այլ դեղերի բավարար դեղաչափեր չօգտագործելը
- ինսուլինի ոչ ճիշտ ներարկելը, ինչպես նաև ժամկետանց կամ ոչ պատշաճ պայմաններում պահպանված ինսուլին օգտագործելը
- դիաբետի սննդակարգին չհետևելը
- ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը
- մեկ այլ հիվանդություն կամ վարակ ունենալը
- տրավմա ստանալը կամ վիրահատության ենթարկվելը
- ուժեղ հուզական սթրես ապրելը, օրինակ՝ ընտանեկան վիճաբանություններ կամ աշխատանքային խնդիրներ:
Այլ հիվանդությունները կամ սթրեսը կարող են նպաստել հիպերգլիկեմիային: Պատճառն այն է, որ օրգանիզմում արտադրվող և հիվանդության կամ սթրեսի դեմ պայքարող հորմոնները նաև կարող են բարձրացնել արյան շաքարը: Ուստի, հիվանդության կամ սթերսի պայմաններում կարող է առաջանալ լրացուցիչ դիաբետի դեղեր ստանալու կարիք, որ արյան գլյուկոզը պահպանվի թիրախային միջակայքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024