Հիպերգլիկեմիան սովորաբար ախտանիշներ չի առաջացնում, քանի դեռ արյան շաքարի (գլյուկոզ) մակարդակները բարձր չեն՝ ավելի քան 10-11,1 մմոլ/լ կամ 180-200 մգ/դլ)։
Հիպերգլիկեմիայի ախտանիշները զարգանում են դանդաղորեն՝ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում: Որքան ավելի երկար ժամանակ են արյան շաքարի մակարդակները մնում բարձր թվերի վրա, այդքան ախտանիշներն ավելի են լրջանում: Այնուամենայնիվ, 2-րդ տիպի դիաբետով որոշ մարդիկ, ունենալով արյան շաքարի բարձր մակարդակներ, երկար ժամանակ կարող են որևէ ախտանիշ չնշել:
Վաղ գանգատներ և ախտանիշներ
Հիպերգլիկեմիայի վաղ ախտանիշների իմացությունը կարող է օգնել այս վիճակի հայտնաբերմանը և ճիշտ բուժմանը: Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին՝
- հաճախամիզություն
- բարձրացած ծարավի զգացում
- մշուշոտ տեսողություն
- թուլություն կամ անսովոր հոգնածություն:
Ավելի ուշ գանգատներ և ախտանիշներ
Եթե հիպերգլիկեմիան չի բուժվում, արյան մեջ և մեզում կարող են կուտակվել թունավոր թթուներ, որոնք կոչվում են կետոններ: Այսպիսի վիճակը կոչվում է կետոացիդոզ: Ախտանիշները ներառում են՝
- մրգահոտ շնչառություն
- բերանի չորություն
- որովայնային ցավեր
- սրտխառնոց և փսխում
- շնչարգելություն և հևոց
- շփոթվածություն կամ շշմածություն
- գիտակցության կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ խնդրեք մեկնումեկին, որ ձեզ տեղափոխի մոտակա հիվանդանոց, եթե՝
- ունեք շարունակվող փորլուծություն կամ փսխումներ և չեք կարողանում որևէ բան ուտել կամ հեղուկներ խմել
- ձեր արյան գլյուկոզի մակարդակները մնում են 13,3 մմոլ/լ-ից (240 մգ/դլ) բարձր և ունեք մեզում կետոնների առկայության ախտանիշներ:
Պայմանավորվեք ձեր բժշկի մոտ արտահերթ այցի համար, եթե՝
- ունեք շարունակվող փորլուծություն կամ փսխումներ, սակայն կարող եք որոշ չափով սննդամթերքներ կամ հեղուկներ ընդունել
- ունեք ավելի քան 24 ժամ շարունակվող բարձր ջերմություն
- չնայած բուժմանը, ձեր արյան գլյուկոզի մակարդակները մնում են 13.3 մմոլ/լ-ից (240 մգ/դլ) բարձր և ունեք մեզում կետոնների առկայության ախտանիշներ
- դժվարանում եք արյան գլյուկոզը պահպանել ձեր թիրախային միջակայքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024