Անկառավարելի բարձր արյան շաքարը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։
Երկարաժամկետ բարդություններ
Արյան շաքարը թիրախային միջակայքում պահպանելը կարող է օգնել դիաբետի հետ կապված բազմաթիվ բարդությունների կանխարգելմանը: Բուժումից դուրս մնացած հիպերգլիկեմիայի երկարաժամկետ բարդությունները ներառում են՝
- սրտանոթային հիվանդություն
- նյարդերի վնասում (նեյրոպաթիա)
- երիկամների վնասում (դիաբետիկ նեֆրոպաթիա) կամ երիկամային անբավարարություն
- ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասում (դիաբետիկ ռետինոպաթիա), որը կարող է հանգեցնել կուրության
- ոտնաթաթի խնդիրներ, որոնք զարգանում են նյարդերի վնասման կամ արյան հոսքի վատթարացման պատճառով և կարող են հանգեցնել ծանր մաշկային վարակների, խոցոտումների, իսկ որոշ ծանր դեպքերում՝ անդամահատման (ամպուտացիա)
- ոսկրային և հոդային խնդիրներ
- ատամների և լնդերի վարակներ:
Անհետաձգելի բուժօգնություն պահանջող բարդություններ
Եթե արյան շաքարը կտրուկ աճում է կամ եթե արյան շաքարի բարձր մակարդակները չեն բուժվում, դրանք կարող են բերել երկու ծանր վիճակների:
- Դիաբետիկ կետոացիդոզ. այս վիճակը զարգանում է, երբ դուք ձեր օրգանիզմում չունեք բավարար ինսուլին: Երբ սա տեղի է ունենում, գլյուկոզը չի կարողանում մուտք գործել բջիջներ և վերջիններիս ապահովել էներգիայով: Ձեր արյան շաքարի մակարդակը հարաճուն բարձրանում է: Էներգիա ստանալու համար ձեր օրգանիզմը սկսում է քայքայել ճարպեր, որի ընթացում առաջանում են թունավոր թթուներ, որոնք կոչվում են կետոններ: Կետոնները սկսում են կուտակվել արյան մեջ և ի վերջո հայտնվում մեզի մեջ (կետոնուրիա): Չբուժվելու դեպքում դիաբետիկ կետոացիդոզը կարող է բերել դիաբետիկ կոմայի, որը կարող է դառնալ կյանքին սպառնացող:
- Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ. այս վիճակը զարգանում է, երբ ձեր օրգանիզմն արտադրում է ինսուլին, որը, սակայն, նորմալ չի ազդում: Արյան գլյուկոզի մակարդակներն առանց կետոացիդոզի կարող են հասնել խիստ բարձր թվերի՝ ավելի քան 33,3 մմոլ/լ (600 մգ/դլ): Եթե ձեզ մոտ զարգանում է այս վիճակը, ձեր օրգանիզմը որպես էներգիայի աղբյուր չի կարողանում օգտագործել ոչ գլյուկոզը, ոչ էլ ճարպերը: Այնուհետև գլյուկոզը մուտք է գործում մեզի մեջ՝ առաջացնելով առատ միզարձակում (պոլիուրիա): Չբուժվելու դեպքում դիաբետիկ հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող ջրազրկման և կոմայի: Ուստի շատ կարևոր է, որ բժշկական օգնությունը մեկնարկի առանց ուշացման:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024