Դիաբետը պահանջում է երկարատև, հաճախ՝ ողջ կյանքի ընթացքում շարունակվող կառավարում:
Տնային բուժում
Զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ինչպես կառավարել ձեր արյան շաքարը: Հասկացեք, թե ինչպես կարող են տարբեր բուժումները օգնել, որ ձեր գլյուկոզի մակարդակները պահպանվեն ձեր թիրախային միջակայքում: Բժիշկը կարող է առաջարկել մի շարք մոտեցումներ:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ. կանոնավոր վարժանքները հաճախ արդյունավետ միջոց են արյան շաքարի հսկման համար: Սակայն, խուսափեք վարժանքներից, եթե ձեր մեզում առկա են կետոններ: Սա կարող է էլ ավելի բարձրացնել ձեր արյան շաքարը:
- Ընդունեք ձեր դեղերն այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը. եթե ունեք հիպերգլիկեմիայի հաճախակի դրվագներ, բժիշկը կարող է փոփոխել ձեր դեղերի դեղաչափերը կամ ժամերը:
- Հետևեք դիաբետի սնման ռեժիմին. օգտակար կարող է լինել փոքր չափաբաժիններով ուտելը և քաղցրահամ ըմպելիքներից և հաճախակի նախաուտեստներից հրաժարվելը: Եթե դժվարությամբ եք հարմարվում ձեր սննդակարգին, խնդրեք ձեր բժշկին կամ դիետոլոգին, որ օգնեն այդ հարցում:
- Ստուգեք ձեր արյան շաքարը. վերահսկեք ձեր արյան գլյուկոզն այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը: Ավելի հաճախ ստուգեք, եթե վատառողջ եք կամ մտահոգված եք, որ կարող եք ունենալ սուր հիպոգլիկեմիա կամ հիպոգլիկեմիա:
- Կարգավորեք ձեր ինսուլինի դեղաչափերը. ինսուլինային բուժման փոփոխությունները կամ կարճատև ազդող ինսուլինի հավելյալ դեղաչափերը կարող են օգնել հիպերգլիկեմիայի հսկմանը: Ինսուլինի հավելյալ դեղաչափը կարող է օգնել բարձր արյան շաքարի մակարդակի ժամանակավոր կարգավորմանը: Հարցրեք բժշկին, թե որքան հաճախ է պետք հավելյալ ինսուլին ստանալ, եթե ունեք բարձր արյան շաքար:
Ծանր հիպերգլիկեմիայի անհետաձգելի բուժում
Եթե ունեք դիաբետիկ կետոացիդոզի կամ հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակի ախտանիշներ, ձեր բուժումը պետք է շարունակվի հիվանդանոցում: Անհետաձգելի բուժումը կարող է նվազեցնել ձեր արյան շաքարը մինչև նորմալին մոտ մակարդակի: Այսպիսի բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հեղուկների փոխարինում. դուք կստանաք հեղուկներ, սովորաբար՝ երակից (ներերակային), մինչև ձեր օրգանիզմը լրացնի հեղուկների պակասը: Այս միջոցով փոխարինվում են այն հեղուկները, որոնք կորցրել եք շատ միզելով: Ներերակային հեղուկները նաև օգնում են արյան մեջ ավելցուկային շաքարի նոսրացմանը:
- Էլեկտրոլիտների փոխարինում. էլեկտրոլիտներն արյան միներալներն են, որոնք անհրաժեշտ են ձեր հյուսվածքների նորմալ աշխատանքի համար: Ինսուլինի պակասը կարող է նվազեցնել արյան որոշ էլեկտրոլիտների մակարդակը: Դուք էլեկտրոլիտներ կստանաք երակով (կաթիլային), որը թույլ կտա պահպանել ձեր սրտի, մկանների և նյարդային բջիջների նորմալ գործունեությունը:
- Ինսուլինային բուժում. ինսուլինը ետ է զարգացնում այն գործընթացները, որոնց պատճառով արյան մեջ կուտակվում են կետոններ: Հեղուկների և էլեկտրոլիտների հետ միասին դուք կստանաք նաև ինսուլինային բուժում, սովորաբար՝ երակից:
Երբ ձեր օրգանիզմը վերադառնա նորմալ գործունեության, բժիշկը կանցնի ախտորոշիչ փնտրտուքին՝ հասկանալու ծանր հիպերգլիկեմիայի պատճառը: Կախված իրավիճակից, նա կարող է նշանակել լրացուցիչ թեստեր և բուժումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024