Բժիշկը կսահմանի ձեր անհատական արյան շաքարի թիրախային (ցանկալի) միջակայք:
Դիաբետ ունեցող բազմաթիվ մարդկանց համար Ամերիկյան դիաբետի ասոցիացիան (ADA) ընդհանուր առմամբ խորհուրդ է տալիս արյան շաքարի հետևյալ թիրախային մակարդակները՝
- 4,4-ի և 7,2 մմոլ/լ-ի միջև (80-130 մգ/դլ)՝ մինչև ճաշելը
- 10 մմոլ/լ-ից պակաս (մինչև 180 մգ/դլ)՝ ճաշելուց 2 ժամ հետո:
Ձեր արյան շաքարի թիրախային միջակայքը կարող է տարբերվել, մասնավորապես, եթե հղի եք կամ ունեք դիաբետով պատճառված այլ առողջական խնդիրներ:
Թիրախային միջակայքը տարիքին զուգընթաց կարող է փոփոխվել: Երբեմն արյան շաքարի ցանկալի միջակայքին հասնելը կարող է դառնալ դժվարին և ժամանակատար գործընթաց։
Արյան շաքարի տնային վերահսկում
Արյան շաքարի սովորական վերահսկումը արյան գլյուկոմետրի միջոցով լավագույն միջոցն է՝ համոզվելու, որ ձեր բուժման պլանը ձեր արյան շաքարը պահում է ձեր թիրախային միջակայքում: Ստուգեք ձեր արյան շաքարն այնքան հաճախ, որքան խորհուրդ է տվել բժիշկը:
Եթե ունեք սուր հիպերգլիկեմիայի ախտանիշներից որևէ մեկը, նույնիսկ, եթե դրանք զգալի չեն թվում, անմիջապես չափեք ձեր արյան շաքարը:
Եթե ձեր արյան շաքարի մակարդակը գերազանցում է 13,3 մմոլ/լ-ը (240 մգ/դլ), օգտագործեք մեզում կետոնների ստուգման տնային հավաքածու: Եթե մեզի թեստը դրական է (ինչը վկայում է, որ մեզում կան կետոններ), նշանակում է, որ ձեր օրգանիզմում սկսվել են նյութափոխանակության այնպիսի շեղումներ, որոնք կարող են բերել դիաբետի կետոացիդոզի: Զրուցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես անվտանգ իջեցնել արյան շաքարի մակարդակը:
Հեմոգլոբին A1C թեստ
Բժիշկը կարող է խորհուրդ տալ գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստ (HbA1c), որի կարճ անվանումն է՝ գլիկոհեմոգլոբին: Սա արյան թեստ է, որը ցույց է տալիս վերջին 2-3 ամվա ընթացքում արյան շաքարի միջին մակարդակը:
HbA1c-ի 7% կամ ավելի ցածր ցուցանիշները վկայում են, որ ձեր բուժման պլանն արդյունավետ է, և ձեր արյան շաքարը կայունացել է թիրախային միջակայքում: Եթե ձեր HbA1c-ն 7%-ից բարձր է, նշանակում է, որ ձեր արյան շաքարը եղել է թիրախային միջակայքից ավելի բարձր: Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել բուժման պլանի որոշակի փոփոխություն:
Որոշ, հատկապես՝ մեծ տարիքով և որոշ հիվանդություններով կամ կյանքի տևողության սահմանափակմամբ մարդկանց համար HbA1c-ի 8% կամ ավելի բարձր ցուցանիշները կարող են համարվել բավարար:
Այն, թե ինչքան հաճախ է պետք հանձնել HbA1c թեստը, կախված է ձեր դիաբետի տեսակից և նրանից, թե ինչքան լավ եք կառավարում ձեր արյան շաքարը: Դիաբետով մարդկանց մեծ մասն այս թեստն անցնում է տարեկան 2-4 անգամ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024