Ձեր յուրաքանչյուր աչքն ունի երկու մաս, որոնք հստակեցնում են պատկերները:
Դրանք են՝
- եղջերաթաղանթ, որը ձեր աչքի առջևի թափանցիկ, ուռուցիկ մակերեսն է
- ոսպնյակ, որը M&M's կոնֆետի չափի և ձևի թափանցիկ կառուցվածք է:
Սովորական՝ նորմալ ձևի աչքում լույսի ճիշտ բեկունությունն ապահովող այս տարրերից յուրաքանչյուրն ունի կատարյալ հարթ կորություն, ինչպես մարմարի մակերեսը: Նման կորություն ունեցող եղջերաթաղանթը և ոսպնյակը բեկում են բբով թափանցող լույսն այնպես, որ կիզակետվեն և պատշաճ հստակության պատկեր ստեղծեն անմիջապես ցանցաթաղանթի՝ աչքի ետին մասում տեղակայված լուսազգաց թաղանթի վրա: Այս գործընթացը կոչվում է բեկունակություն (ռեֆրակցիա):
Աչքի բեկունակության (ռեֆրակցիոն) թերություն
Եթե ձեր եղջերաթաղանթը կամ ոսպնյակը հավասարաչափ և սահուն կորացած չեն, լույսի ճառագայթները պատշաճ կերպով չեն բեկվում, և դուք ունեք բեկման սխալ:
Հեռատեսության ժամանակ եղջերաթաղանթը բավարար կորացած չէ (ռեֆրակցիոն հեռատեսություն) կամ ակնագունդը նորմայից կարճ է (առանցքային հեռատեսություն), ուստի մոտիկ առարկաներից բեկված լույսը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա ետևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը և արդյունքում նվազում է տեսողության սրությունը:
Բազմաթիվ մարդկանց մոտ առկա է թույլ հեռատեսություն, և ոսպնյակները կարողանում են շտկել այս ռեֆրակցիոն սխալը՝ համապատասխանեցնելով կիզակետը և ցանցաթաղանթի վրա ապահովելով հստակ պատկեր:
Ավելի արտահայտված հեռատեսությամբ մարդիկ կամ նրանք, ովքեր հաճախակի կատարում են մոտիկ տեսողության հետ կապված գործողություններ (օրինակ՝ ընթերցանություն), պահանջում են ավելի մեծ համապատասխանեցում: Սա նշանակում է, որ օրվա ավարտին նրանց աչքերը հոգնում են և կարող են ի հայտ գալ գլխացավեր:
Հեռատեսության զարգացման հավանականությունը քիչ ավելի է բարձրանում, եթե ձեր ծնողներից մեկնումեկի մոտ առկա է տեսողության այսպիսի խանգարում:
Այլ ռեֆրակցիոն թերություններ
Հեռատեսությունից բացի, լուսաբեկունության այլ թերությունները ներառում են հետևյալը:
- Կարճատեսություն (միոպիա). կարճատեսությունը սովորաբար առաջանում է, երբ ձեր ակնագունդն ավելի երկար է, քան նորման (առանցքային կարճատեսություն), կամ ձեր եղջերաթաղանթը չափազանց շատ է կորացած (ռեֆրակցիոն կարճատեսություն): Ցանցաթաղանթի վրա բեկելու փոխարեն լույսը բեկվում է ձեր ցանցաթաղանթի առջև, որի հետևանքով հեռվում գտնվող առարկաները ստանում են մշուշոտ տեսք:
- Աստիգմատիզմ. սա առաջանում է, երբ ձեր եղջերաթաղանթը կամ ոսպնյակը մի ուղղությամբ ավելի շատ են կորացած, քան մյուս ուղղությամբ: Չուղղված աստիգմատիզմը առաջացնում է մշուշոտ տեսողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024