Հեռատեսության բուժման նպատակն է օգնել, որ լույսը բեկվի և կենտրոնանա անմիջապես ցանցաթաղանթի վրա ուղղիչ ոսպնյակների կամ ռեֆրակցիոն վիրահատության միջոցով:
Ուղղող ոսպնյակներ
Երիտասարդների մոտ միշտ չէ, որ բուժում է անհրաժեշտ, քանի որ աչքերի ներսում գտնվող բնական ոսպնյակները բավականաչափ ճկուն են և կարողանում են շտել վիճակը: Կախված հեռատեսության աստիճանից, ձեզ կարող են անհրաժեշտ լինել ոսպնյակներ՝ ձեր տեսողությունը բարելավելու համար: Սա հատկապես հավանական է, երբ դուք մեծ տարիք ունեք, և ձեր աչքերի ներսում գտնվող ոսպնյակները դարձել են ավելի քիչ ճկուն:
Ակնաբույժի նշանակած ոսպնյակներ կրելը կարգավորւմ է հեռատեսությունը՝ հակազդելով ձեր եղջերաթաղանթի նվազած կորությանը կամ ձեր աչքի ավելի փոքր չափին (երկարության): Հեռատեսությունը շտկող ոսպնյակների տեսակները ներառում են հետևյալը:
- Ակնոց. սա հեռատեսությամբ վնասված տեսողությունը սրելու պարզ, անվտանգ միջոց է: Ակնոցի ոսպնյակների բազմազանությունը լայն է և ներառում է եզակի տեսողության, բիֆոկալ, տրիֆոկալ և պրոգրեսիվ մուլտիֆոկալ տարատեսակներ:
- Կոնտակտային լինզաներ. այս ոսպնյակները կրում եք հենց ձեր աչքերին՝ եղջերաթաղանթի վրա: Դրանք առկա են տարբեր տեսակի և ձևի, ներառյալ փափուկ և կոշտ, գազով թափանցելի՝ գնդաձև, թորիկ, մուլտիֆոկալ և մոնովիզիոն դիզայնով: Հարցրեք ձեր ակնաբույժին կոնտակտային ոսպնյակների առավելությունների և թերությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե որն է լավագույնը ձեզ համար:
Ռեֆրակցիոն վիրահատություն
Ռեֆրակցիոն վիրահատական միջամտությունների մեծ մասն օգտագործվում է կարճատեսության ուղղման համար, սակայն դրանք նաև կարող են առաջարկվել թեթև և չափավոր հեռատեսության դեպքում: Այս վիրահատական բուժումներն ուղղում են հեռատեսությունը՝ վերափոխելով ձեր եղջերաթաղանթի կորությունը: Ռեֆրակցիոն վիրաբուժության մեթոդները ներառում են հետևյալը:
- Լազեր-օժանդակող in situ կերատոմիլեուս (LASIK). այս միջամտությամբ աչքի վիրաբույժը ձեր եղջերաթաղանթի մեջ ստեղծում է բարակ փեղկավոր ծալք: Այնուհետև նա օգտագործում է լազեր՝ եղջերաթաղանթի կորությունը կարգավորելու համար, որի օգնությամբ հեռատեսությունը շտկվում է: LASIK վիրահատությունից հետո վերականգնումը սովորաբար ավելի արագ է և ավելի քիչ անհանգստություն է առաջացնում, քան եղջերաթաղանթի այլ վիրահատությունները:
- Լազեր-օժանդակող ենթաէպիթելային կերատէկտոմիա (LASEK). վիրաբույժը ստեղծում է գերբարակ փեղկ միայն եղջերաթաղանթի արտաքին պաշտպանիչ ծածկույթում (էպիթելում): Այնուհետև նա օգտագործում է լազեր՝ ձևափոխելու եղջերաթաղանթի արտաքին շերտերը՝ փոփոխելով վերջինիս կորությունը, որից հետո փոխարինում է էպիթելը:
- Ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա (PRK). այս միջամտությունը նման է LASEK-ին, սակայն վիրաբույժն ամբողջությամբ հեռացնում է էպիթելը, որից հետո օգտագործում է լազեր՝ եղջերաթաղանթի ձևը փոփոխելու համար: Էպիթելը չի փոխարինվում, սակայն բնական ճանապարհով վերաճում է՝ համապատասխանելով ձեր եղջերաթաղանթի նոր ձևին:
Խոսեք ձեր բժշկի հետ ռեֆրակցիոն վիրահատության հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024