Skip to main content

Ախտանիշներ - Հեռատեսություն

​Հեռատեսությունը տեսողության տարածված խանգարում է, որը կարող է դժվարությամբ հայտնաբերվել:

Հեռատեսությունը կարող է նշանակել, որ՝

  • մոտակա առարկաները մշուշոտ են թվում
  • հստակ տեսնելու համար պետք է աչքերը կկոցել
  • ունեք աչքերի լարվածություն, այդ թվում՝ աչքերում այրոց և աչքերում կամ շուրջը՝ ցավ
  • ունեք տեսողության հետ կապված անհարմարավետություն կամ գլխացավ՝ որոշակի աշխատանք կատարելուց հետո, ինչպիսիք են կարդալը, գրելը, համակարգչային աշխատանքը կամ նկարելը:

Թույլ հեռատեսությունը կարող է դժվարությամբ հայտնաբերվել, քանի որ ոսպնյակները շտկում են կիզակետը, որի շնորհիվ մոտիկ տարածության վրա ընկած առարկաները երևում են հստակ եզրագծերով: Սակայն, մոտիկ աշխատանք կատարելիս կարող եք զգալ, որ ձեր աչքերը լարվում են կամ որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս աչքերում ծակոցներ, հոգնածություն կամ գլխացավեր: Ավելի արտահայտված հեռատեսության պայմաններում դուք կարող եք դժվարությամբ ձեր տեսողությունը կենտրոնացնել մոտիկ գտնվող առարկաների վրա:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր հեռատեսության աստիճանը այնքան ընդգծված է, որ չեք կարող կատարել առաջադրանքը այնպես, ինչպես ցանկանում եք, կամ եթե ձեր տեսողության որակը նվազեցնում է ձեր զբաղմունքից ստացած հաճույքը, դիմեք ձեր բժշկին և նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժին: Ակնաբույժը կարող է որոշել ձեր հեռատեսության աստիճանը և խորհուրդ տալ ձեր տեսողությունը շտկելու տարբերակներ:

Միշտ չէ, որ տեսողության հետ կապված խնդիրներն ակնհայտ են, ուստի Ամերիկյան ակնաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս հետևել աչքերի ու տեսողության կանոնավոր ստուգման հետևյալ ժամանակային միջակայքերին:

Չափահասներ

Եթե ունեք աչքի որոշ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ, ինչպիսին է գլաուկոման, 40 տարեկանից սկսած յուրաքանչյուր մեկ-երկու տարին մեկ անցեք աչքերի և տեսողության ընդլայնված ստուգում:

Եթե չեք կրում ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ, չունեք տեսողության խանգարման ախտանշաններ և ձեզ մոտ աչքի հիվանդությունների զարգացման ռիսկը ցածր է, ակնաբուժական քննություն անցեք հետևյալ պարբերականությամբ՝

  • նախնական քննություն՝ 40 տարեկանում
  • յուրաքանչյուր երկուսից չորս տարին մեկ՝ 40-ից 54 տարեկանում
  • յուրաքանչյուր մեկից երեք տարին մեկ՝ 55-ից 64 տարեկանում
  • յուրաքանչյուր մեկից երկու տարին մեկ՝ սկսած 65 տարեկանից:

Եթե կրում եք ակնոց կամ կոնտակտային լինզաներ կամ ունեք առողջական խնդիրներ, որոնք ազդում են ձեր աչքերի ու տեսողության վրա, ինչպես օրինակ՝ շաքարային դիաբետը, դուք, հավանաբար, պետք է պարբերաբար անցնեք աչքերի քննություն և տեսողության ստուգում: Հարցրեք ձեր ակնաբույժին, թե որքան հաճախ պետք է նշանակեք ձեր հանդիպումները: Սակայն, եթե նկատում եք տեսողության հետ կապված խնդիրներ, որքան հնարավոր է շուտ նշանակեք ձեր ակնաբույժի հետ հանդիպում, նույնիսկ եթե վերջերս ձեր տեսողությունը ստուգվել է: Մշուշոտ տեսողությունը, օրինակ, կարող է հուշել, որ դուք դեղատոմսի փոփոխության կարիք ունեք կամ դա կարող է լինել մեկ այլ խնդրի նշան:

Երեխաներ և դեռահասներ

Երեխաները պետք է անցնեն աչքի հիվանդությունների սքրինինգ և նրանց տեսողությունը պետք է ստուգվի մանկաբույժի, ակնաբույժի, օկուլիստի կամ մեկ այլ վերապատրաստված մասնագետի կողմից հետևյալ տարիքներում և ժամանակային միջակայքերում՝

  • 6 ամսականում
  • 3 տարեկանում
  • առաջին դասարանից առաջ և յուրաքանչյուր երկու տարին մեկ:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024