Առողջական խնդիրներ
Հեռատեսություն (հիպերոպիա)

3 րոպե
Հեռատեսությունը կամ հիպերոպիան տեսողության տարածված խանգարում է, որը կարող է դժվարությամբ հայտնաբերվել:
Եթե ունեք հեռատեսություն, ապա մոտիկ գտնվող առարկաները դուք վատ և աղավաղված եք տեսնում, իսկ տեսողության (աչքերի) հաճախակի լարվածությունը կարող է հանգեցնել աչքերի հոգնածության կամ գլխացավերի: Արտահայտված հեռատեսությամբ մարդիկ կարող են աղավաղված տեսնել նաև հեռու գտնվող առարկաները:
Ի՞նչն է առաջացնում հեռատեսություն
Հեռատեսությունը գլխավորապես պատճառվում է աչքի չափսերից կամ ձևից (օրինակ, ակնագնդի զարգացման շեղումների դեպքում):
Երբ լույսը մուտք է գործում աչքեր, այն բեկվում է եղջերաթաղանթների (աչքի առջևում առկա թափանցիկ թաղանթ) և ոսպնյակների կողմից: Այս գործընթացը կոչվում է բեկունակություն (ռեֆրակցիա):
Նորմալ տեսողության պայմաններում բեկվելուց հետո լույսի ճառագայթները կիզակետվում են անմիջապես ցանցաթաղանթի՝ աչքի հետին մասում տեղակայված թաղանթի վրա: Հեռատեսության ժամանակ եղջերաթաղանթը բավարար կորացած չէ կամ աչքը խիստ կարճ է, ուստի մոտիկ առարկաներից բեկված լույսը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա ետևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը և արդյունքում նվազում է տեսողության սրությունը:
Բազմաթիվ մարդկանց մոտ առկա է թույլ հեռատեսություն, և ոսպնյակները կարողանում են շտկել բեկունակության թերությունը՝ համապատասխանեցնելով կիզակետը և ցանցաթաղանթի վրա ապահովելով հստակ պատկեր:
Ավելի արտահայտված հեռատեսությամբ մարդիկ կամ նրանք, ովքեր հաճախակի կատարում են մոտիկ տեսողության հետ կապված գործողություններ (օրինակ՝ ընթերցանություն), պահանջում են ավելի մեծ համապատասխանեցում: Սա նշանակում է, որ օրվա ավարտին նրանց աչքերը հոգնում են և կարող են ի հայտ գալ գլխացավեր:
Հեռատեսության զարգացման հավանականությունը քիչ ավելի է բարձրանում, եթե ձեր ծնողներից մեկնումեկի մոտ առկա է տեսողության այսպիսի խանգարում:
Ինչպե՞ս կարող եմ ես հասկանալ, որ ունեմ հեռատեսություն
Թույլ հեռատեսությունը կարող է դժվարությամբ հայտնաբերվել, քանի որ ոսպնյակները շտկում են կիզակետը, որի շնորհիվ մոտիկ տարածության վրա ընկած առարկաները երևում են հստակ եզրագծերով: Սակայն, մոտիկ աշխատանք կատարելիս դուք կարող եք զգալ, որ ձեր աչքերը լարվում են կամ որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս աչքերի ծակոցներ, հոգնածության զգացում կամ գլխացավեր:
Ավելի լուրջ հեռատեսության պայմաններում դուք կարող եք դժվարությամբ ձեր տեսողությունը կենտրոնացնել մոտիկ գտնվող առարկաների վրա:
Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան ունեք հեռատեսություն, ապա դիմեք ձեր բժշկին: Հեռատեսության առկայությունը հաստատվում է օկուլիստի կամ ակնաբույժի կողմից կատարվող տեսողության հատուկ հետազոտությամբ:
Հեռատեսության ախտորոշումը
Հեռատեսությունը կարող է և տեսողության ստանդարտ ստուգման միջոցով չհայտնաբերվել, սակայն օկուլիստը կամ ակնաբույժը կարող են չափել ձեր աչքի լուսաբեկող ունակության չափը (ռեֆրակտոմետրիա):
Հեռատեսության բուժումը
Թույլ հեռատեսությունը, հատկապես դեռահաս տարիքում, կարող է և որևէ բուժում չպահանջել:
Եթե չափավորից մինչև ծանր հեռատեսությունը չի շտկվում, ապա տեսողության ֆոկուսավորման լրացուցիչ ջանքերը երեխաների մոտ կարող է բարձրացնել «ծույլ աչքի» (ամբլիոպիա) կամ շլության (ստրաբիզմ) հավանականությունը:
Ամենահաճախ կիրառվող բուժումն օպտիկական ակնոցներն են (hավաքող տեսապակիներով), հատկապես ընթերցանության կամ մոտիկ աշխատանք կատարելիս: Սակայն բարձր աստիճանի հեռատեսության դեպքում դուք կարող եք ակնոցները մշտական կրելու կարիք ունենալ: Ձեր ակնաբույժը կարող է խորհուրդ տալ նաև աչքերի վարժություններ:
Չափահասներին կարող է առաջարկվել նաև լազերային ռեֆրակտիվ վիրահատություն:
Նույնիսկ եթե դուք ձեր տեսողության վերաբերյալ որևէ գանգատ կամ խնդիր չունեք, ճիշտ կլինի յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ ստուգել ձեր աչքերը և տեսողությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-11-2019 վերանայվել է՝ 02-03-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: