Հիպոխոնդրիան, որը երբեմն կոչվում է հիվանդության տագնապային խանգարում կամ հիվանդության անհանгգստություն, դրսևորվում է չափից դուրս մտահոգությամբ և անհանգստությամբ, որ դուք ծանր հիվանդ եք կամ կարող եք դառնալ ծանր հիվանդ:
Դուք կարող եք չունենալ որևէ տեսանելի ախտանիշ: Կամ դուք կարող եք հավատալ, որ ձեր մարմնի նորմալ զգացողությունները կամ աննշան ախտանիշները ծանր հիվանդության նշաններ են, նույնիսկ եթե մանրակրկիտ բժշկական քննությամբ որևէ լուրջ առողջական խնդիր չի բացահայտվում:
Դուք կարող եք զգալ ծայրահեղ անհանգստություն, որ ձեր մարմնական զգացողությունները, ինչպիսիք են մկանների ջղաձգումները կամ հոգնածությունը, կապված են կոնկրետ, ծանր հիվանդության հետ: Այս չափից ավելի անհանգստությունը, այլ ոչ թե բուն ֆիզիկական ախտանիշը, հանգեցնում է ծանր տագնապի, որը կարող է խաթարել ձեր կյանքը:
Հիպոխոնդրիան երկարաժամկետ վիճակ է, որը կարող է դրսևորվել տարբեր աստիճանի ծանրությամբ: Այն կարող է խորանալ տարիքի հետ կամ սթրեսի ժամանակ: Հոգեբանական խորհրդատվությունը (հոգեթերապիա) և երբեմն դեղորայքը կարող են օգնել ձեր անհանգստությունների թեթևացմանը:
Հիվանդության տագնապային խանգարում
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրապարակված հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկը (DSM-5) որպես ախտորոշում այլևս չի ներառում հիպոքոնդրիան: Փոխարենը, նախկինում հիպոքոնդրիա ախտորոշված մարդկանց մոտ կարող է ախտորոշվել հիվանդության տագնապային խանգարում, որի դեպքում վախը և անհանգստությունը կենտրոնացած են անհարմար կամ անսովոր մարմնական զգացողությունների վրա՝ որպես ծանր առողջական խնդրի մասին վկայող ախտանիշներ:
Մյուս կողմից, մարմնական (սոմատիկ) ախտանիշի խանգարումը, որը հարակից խանգարում է, նախատեսում է անգործունակության բերող մարմնական ախտանիշների վրա կենտրոնանալը, ինչպիսիք են ցավը կամ գլխապտույտը՝ առանց անհանգստանալու, որ դրանք ներկայացնում են կոնկրետ հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024