Չբուժված հիպոթիրեոզը կարող է հանգեցնել այլ առողջական խնդիրների:
- Խպիպ. հիպոթիրեոզը կարող է բերել վահանաձև գեղձի մեծացման, որը կոչվում է խպիպ (զոբ)։ Խոշոր խպիպը պարանոցի արտաքին տեսքը ձևափոխելուց բացի կարող է առաջացնել նաև կուլ տալու կամ շնչառության հետ կապված խնդիրներ:
- Սրտային խնդիրներ. հիպոթիրեոզը կապված է սրտային հիվանդության և սրտային անբավարարության բարձրացած ռիսկի հետ: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ թերակտիվ վահանաձև գեղձով մարդկանց մոտ ավելի հաճախ է բարձրանում արյան ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) կամ «վատ» խոլեստերինի մակարդակը:
- Ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա. երկար ժամանակ չբուժված հիպոթիրեոզը կարող է վնասել ծայրամասային նյարդերը: Սրանք այն նյարդերն են, որոնք գլխուղեղից և ողնուղեղից տեղեկատվությունը հաղորդում են օրգանիզմի մնացած շրջաններ: Ծայրամասային նեյրոպաթիան կարող է առաջացնել ձեռքերի և ոտքերի ցավ, թմրածություն և ծակծկոցներ:
- Անպտղություն. թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակը կարող է խանգարել ձվազատմանը, որն էլ հանգեցնի պտղաբերության սահմանափակման: Հիպոթիրեոզի որոշ պատճառները, ինչպիսիք են աուտոիմուն խանգարումները, նույնպես կարող են վնասել պտղաբերությանը:
- Բնածին արատներ. չբուժված թիրեոիդ հիվանդությամբ կանանցից ծնված երեխաները կարող են ունենալ բնածին արատների ավելի բարձր ռիսկ՝ համեմատած վահանաձև գեղձի հիվանդություն չունեցող մայրերից ծնված երեխաների հետ: Բնածին հիպոթիրեոզով հիվանդ նորածինները, որոնք մնում են բուժումից դուրս, ենթարկվում են ֆիզիկական և մտավոր զարգացման լուրջ խնդիրների ավելի բարձր ռիսկի: Բայց եթե հիվանդությունն ախտորոշվում է կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում, նորմալ զարգացման հավանականությունը կտրուկ բարձրանում է:
- Միքսեդեմային կոմա. այս հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող վիճակը կարող է զարգանալ, երբ երկար ժամանակի ընթացքում հիպոթիրեոզը մնում է չբուժված: Միքսեդեմային կոմա կարող է առաջանալ հանգստացնող միջոցների, վարակի կամ օրգանիզմի այլ սթրեսների պատճառով: Ախտանիշները ներառում են ցրտի անտանելիությունը և քնկոտությունը, որին հաջորդում է ծայրաստիճան ուժասպառությունը, իսկ հետո՝ գիտակցության կորուստը: Միքսեդեմային կոման պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
- Հոգեկան առողջության խնդիրներ. հիպոթիրեոզի վաղ շրջանում կարող է զարգանալ հոգեկան ընկճվածություն (դեպրեսիա), որը ժամանակի ընթացքում կարող է խորանալ: Հիպոթիրեոզը նաև կարող է առաջացնել մտավոր գործունեության դանդաղում:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024