Հիպոթիրեոզի բուժումը սովորաբար ներառում է արհեստական թիրեոիդային հորմոն հանդիսացող Լևոթիրոքսին (Լևո-Т, Սինթրոիդ և այլն) դեղամիջոցի ամենօրյա ընդունումը:
Այս դեղը ընդունվում է բերանով (կուլ տալով): Այն հորմոնների մակարդակը վերադարձնում է առողջ միջակայք՝ վերացնելով հիպոթիրեոզի ախտանիշները:
Դուք, հավանաբար, կսկսեք ավելի լավ զգալ բուժումը սկսելուց մեկ կամ երկու շաբաթ անց: Լևոթիրոքսինով բուժումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի ձեր ողջ կյանքի ընթացքում: Ձեզ անհրաժեշտ դեղաչափը կարող է փոխվել, ուստի բժիշկը կարող է ամեն տարի ստուգել ձեր թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակը:
Ճիշտ դեղաչափի որոշումը
Լևոթիրոքսինի ձեր ճիշտ դեղաչափը գտնելու համար բժիշկը ստուգում է ձեր TSH մակարդակը դեղորայքային բուժումը մեկնարկելուց մոտ 6-8 շաբաթ անց: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ևս մեկ արյան թեստ՝ վեց ամիս անց TSH-ն նորից ստուգելու համար: Լևոթիրոքսինի չափազանց մեծ քանակությունը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝
- հոգնածություն
- ախորժակի բարձրացում
- քնի հետ կապված խնդիրներ
- դող (տրեմոր)
- սրտխփոց:
Լևոթիրոքսինը, որպես կանոն, ճիշտ դեղաչափով օգտագործելիս որևէ կողմնակի ազդեցություն չի առաջացնում: Եթե փոխում եք դեղամիջոցի ապրանքանիշը, տեղեկացրեք ձեր բժշկին, քանի որ դեղաչափը կարող է փոխվել:
Եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ) կամ ծանր հիպոթիրեոզ, ձեր բժիշկը կարող է սկսել բուժումը դեղամիջոցի ավելի փոքր քանակներով, այնուհետև դանդաղորեն ավելացնել դեղաչափը: Սա թույլ է տալիս ձեր սրտին, որ հարմարվի ձեր օրգանիզմի նյութափոխանակության ակտիվացմանը:
Lևոթիրոքսինի ճիշտ ընդունումը
Լևոթիրոքսինի օգտագործման լավագույն ռեժիմը ամեն օր նույն ժամին քաղցած վիճակում ընդունելն է: Լավագույն տարբերակն այն է, որ դեղամիջոցն ընդունեք առավոտյան, հետո համբերեք 30-60 րոպե՝ մինչև նախաճաշելը կամ մեկ այլ դեղամիջոց ընդունելը: Եթե հորմոնն ընդունում եք քնելուց առաջ, ապա ընթրիքից կամ վերջին ուտեստից հետո սպասեք առնվազն 4 ժամ:
Բաց մի՛ թողեք դեղաչափերը և մի՛ դադարեցրեք հորմոնի ընդունումը՝ պատճառաբանելով ձեզ լավ զգալը: Եթե այդպես վարվեք, լրիվ հավանական է, որ հիպոթիրեոզի ախտանիշներն աստիճանաբար վերադառնան: Եթե բաց եք թողել Lևոթիրոքսինի հերթական չափաբաժինը, ապա հաջորդ օրը երկու հաբ ընդունեք:
Որոշ դեղամիջոցներ, հավելումներ և նույնիսկ որոշ մթերքներ կարող են ազդել ձեր օրգանիզմի՝ Լևոթիրոքսինի ներծծման ունակության վրա: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ուտում եք մեծ քանակությամբ սոյայի մթերքներ կամ հետևողականորեն օգտագործում եք բջջանքով հարուստ սնունդ: Դրանից բացի, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ընդունում եք այլ դեղամիջոցներ, հատկապես՝
- երկաթի հավելումներ կամ երկաթ պարունակող մուլտիվիտամիններ
- ալյումինի հիդրօքսիդ, որն առկա է ստամոքսի թթվայնությունը չեզոքացնող որոշ անտադիցներում
- կալցիումի հավելումներ:
Ենթակլինիկական հիպոթիրեոզ
Եթե ձեր մոտ ախտորոշվել է ենթկլինիկական հիպոթիրեոզ, բուժման մասին զրուցեք ձեր բժշկի հետ: TSH-ի մեղմ բարձրացման դեպքում վահանաձև գեղձի հորմոնային դեղամիջոցների ընդունումը կարող է օգտակար չլինել: Եթե ձեր TSH մակարդակը ավելի բարձր է, բայց դեռ գտնվում է ենթկլինիկական միջակայքում, վահանաձև գեղձի հորմոնները կարող են բարելավել որոշ ախտանիշներ (խոլեստերինի մակարդակի նվազեցում, սրտի արտամղող ունակության բարելավում և կենսաուժի վերականգնում):
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024