Աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) ճշգրիտ պատճառը մնում է անհայտ:
Եթե նախկինում կասկածվում էին սննդակարգը և սթրեսը, այժմ բժիշկները գիտեն, որ այս գործոնները կարող են սրացնել ԱԲՀ-ը, սակայն չեն հանդիսանում հիվանդության պատճառ:
Հնարավոր պատճառներից մեկը իմունային համակարգի սխալ աշխատանքն է: Երբ ձեր իմունային համակարգը փորձում է պայքարել օրգանիզմ թափանցած վիրուսի կամ մանրէի դեմ, ոչ նորմալ իմունային պատասխանը ստիպում է իմունային բջիջներին հարձակվել նաև մարսողական խողովակի բջիջների վրա՝ առաջացնելով պատի բորբոքում:
Մի քանի գենային փոփոխություններ (մուտացիաներ) կապված են ԱԲՀ-ի հետ: Ժառանգականությունը նույնպես, թվում է, դեր է խաղում, որ ԱԲՀ-ն ավելի տարածված լինի այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նույն հիվանդությամբ ընտանիքի անդամներ: Այնուամենայնիվ, ԱԲՀ-ով մարդկանց մեծ մասը չունի այս ընտանեկան պատմությունը:
Ռիսկի գործոններ
- Տարիք. մարդկանց մեծամասնությունը, ում մոտ զարգացել է ԱԲՀ, ախտորոշվում է մինչև 30 տարեկանը: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ հիվանդությունը չի դրսևորվում մինչև 50-60 տարեկանը:
- Ռասա կամ էթնիկ ծագում. ԱԲՀ-ն ավելի տարածված է սպիտակամորթ մարդկանց մոտ, սակայն կարող է զարգանալ ցանկացած ռասայի մոտ: Դեպքերը նաև աճում են այլ ռասաների և էթնիկ խմբերի մոտ։
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). դուք ավելի բարձր ռիսկի եք ենթարկվում, եթե ունեք այս հիվանդությամբ մոտ ազգական, օրինակ՝ ծնող, քույր կամ երեխա:
- Ծխախոտ ծխելը. ծխախոտ ծխելը Կրոնի հիվանդության զարգացման ամենակարևոր վերահսկելի ռիսկի գործոնն է: Ծխելը կարող է օգնել խոցային կոլիտի կանխարգելմանը, սակայն ընդհանուր առողջության վրա դրա վնասը գերազանցում է ցանկացած օգուտին, և ծխելը թողնելը կարող է բարելավել ձեր մարսողական համակարգի ընդհանուր առողջական վիճակը, ինչպես նաև ապահովել բազմաթիվ այլ առողջական օգուտներ:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). այս խումբը ներառում է Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Նապրոքսեն նատրիում (Ալեվել), Դիկլոֆենակ նատրիում և այլն: Այս դեղամիջոցները կարող են մեծացնել ԱԲՀ-ի զարգացման ռիսկը կամ վատթարացնել հիվանդության ախտանիշներն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ԱԲՀ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024