Խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունն ունեն որոշ ընդհանուր բարդություններ, և կան այլ բարդություններ, որոնք հատուկ են այս հիվանդություններից յուրաքանչյուրին:
Երկու դեպքում էլ առաջացող բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Հաստ աղիքի քաղցկեղ. խոցային կոլիտ կամ հաստ աղիքի մեծ մասն ախտահարող Կրոնի հիվանդություն ունենալը կարող է մեծացնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Կոլոնոսկոպիայի միջոցով քաղցկեղի պարբերական սքրինինգը սովորաբար սկսվում է ախտորոշումից մոտ 8-10 տարի հետո: Հարցրեք ձեր բժշկին, թե երբ և որքան հաճախ պետք է անցնեք այս սքրինինգը:
- Մաշկի, աչքերի և հոդերի բորբոքում. որոշակի խանգարումներ, ինչպիսիք են հոդաբորբը (արթրիտ), մաշկային ախտահարումները և աչքի բորբոքումները (ուվեիտ), կարող են զարգանալ աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) սրացման (բռնկման) ժամանակ:
- Դեղորայքի կողմնակի ազդեցություններ. ԱԲՀ-ի բուժման մեջ նշանակվող որոշ դեղամիջոցներ կապված են վարակների ռիսկի բարձրացման հետ: Դրանցից որոշները նաև ունեն որոշակի քաղցկեղի զարգացման փոքր ռիսկ: Կորտիկոստերոիդները կարող են կապված լինել օստեոպորոզի, բարձր արյան ճնշման և այլ վիճակների հետ:
- Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ. այս խիստ հազվադեպ հանդիպող վիճակի դեպքում, որը գրանցվում է ԱԲՀ ունեցող մարդկանց մոտ, բորբոքումն առաջացնում է սպիներ լեղուղիների լուսանցքում: Այս սպիացումն ի վերջո նեղացնում է ծորանները՝ արգելափակելով լեղու հոսքը լյարդից դեպի աղիներ: Սա, ի վերջո, կարող է առաջացնել լյարդի վնասում:
- Արյան մակարդուկներ (թրոմբներ). ԱԲՀ-ը մեծացնում է երակներում և զարկերակներում արյան մակարդուկների առաջացման ռիսկը:
- Սուր ջրազրկում. հաճախակի և ծանր փորլուծությունը կարող է հանգեցնել ջրազրկման:
Կրոնի հիվանդության բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Հաստ աղիքի խցանում (անանցանելիություն). Կրոնի հիվանդությունն ազդում է աղիքի պատի ողջ հաստության վրա: Ժամանակի ընթացքում աղիքի որոշ հատվածներ կարող են հաստանալ և նեղացնել աղիքի լուսանցքը, որն իր հերթին կարող է արգելափակել մարսողական խյուսի հոսքը: Կարող է պահանջվել վիրահատություն՝ ձեր աղիքների վնասված հատվածը հեռացնելու համար:
- Թերսնուցում (մալնուտրիցիա). փորլուծությունը, որովայնային ցավը և ջղաձգումները (սպաստիկ ցավ) կարող են դժվարացնել ձեր սնունդ ընդունելը կամ ձեր աղիքների պատով բավարար քանակության սննդանյութեր ներծծելը: Նաև տարածված է սակավարյունության (անեմիայի) զարգացումը, որը պայմանավորված է հիվանդության հետևանքով առաջացած երկաթի կամ վիտամին B12-ի պակասով:
- Խուղակներ (ֆիստուլաներ). երբեմն բորբոքումը կարող է տարածվել աղիքի պատի ամբողջ հաստությամբ՝ ստեղծելով խուղակ՝ օրգանիզմի տարբեր մասերի միջև ախտաբանական կապեր: Առավել տարածված են հետանցի մոտ կամ դրա շրջակայքում (շեք) ձևավորվող խուղակները, թեև դրանք նաև կարող են առաջանալ մարմնի ներսում կամ որովայնի շրջանի պատին: Որոշ դեպքերում խուղակը կարող է վարակվել և ձևավորել վարակված թարախային գրպանիկ, որը հայտնի է որպես թարախակույտ (աբսցես):
- Հետանցքի ճաք (ֆիսսուրա). սա հետանցքը եզրագծող հյուսվածքի կամ հետանցքը շրջապատող մաշկի փոքր պատռվածք է, որը կարող է վարակվել: Այն հաճախ կապված է աղիների ցավոտ դատարկման հետ և կարող է հանգեցնել շեքային խուղակի ձևավորման (պերինեալ ֆիստուլա):
Խոցային կոլիտի բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Թունավոր (տոքսիկ) մեգակոլոն. խոցային կոլիտը կարող է հանգեցնել հաստ աղիքի արագ լայնացման և այտուցման՝ ծանր վիճակ, որը հայտնի է որպես թունավոր մեգակոլոն:
- Հաստ աղիքի պատին անցքի առաջացում (թափածակում կամ պերֆորացիա). հաստ աղիքի պատի թափածակում առավել հաճախ առաջանում է թունավոր մեգակոլոնի պատճառով, թեև կարող է առաջանալ նաև ինքնուրույն:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024