Գրադարան
Աղիների բորբոքային հիվանդություն

2 րոպե
Աղիների բորբոքային հիվանդությունը ներառում է Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը:
Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը երկարատև ընթացքով հիվանդություններ են, որոնք առաջացնում են մարսողական խողովակի բորբոքում՝ այտուց, ցավ և խոցոտում: Դրանք կարող են զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ գրանցվում են 15-30 տարեկան երիտաստարդների մոտ:
Այս հիվանդությունների հիմնական ախտանիշներն են՝ փորլուծություն, որովայնային ցավեր և կծկանքներ (սպազմ), հոգնածության զգացում, ախորժակի անկում և քաշի կորուստ: Գանգատները և ախտանիշները ժամանակ առ ժամանակ սաստկանում (ռեցիդիվ) և մեղմանում են (ռեմիսիա):
Այլ գանգատներից կարող են ի հայտ գալ նաև՝
- կղանքում արյուն
- հոդացավեր կամ հոդաբորբ
- մաշկի և աչքերի հետ կապված խնդիրներ
- լյարդային հիվանդություն
- բերանի խոռոչի խոցոտում:
Բորբոքումն իմունային համակարգի կողմից գործարկվող նորմալ պաշտպանական մեխանիզմ է՝ ուղղված, օրինակ, բակտերիաների կամ վիրուսների դեմ: Սովորաբար բորբոքումը մեղմանում և անհետանում է, երբ օտարածին պատճառը վերացվում է: Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի ժամանակ տեղ են գտնում իմունային համակարգի խնդիրներ, որի պատճառով բորբոքումը շարունակվում և խորանում է՝ վնասելով սեփական հյուսվածքները, մասնավորապես, մարսողական խողովակի պատը:
Ինչպես Կրոնի հիվանդության, այնպես էլ խոցային կոլիտի ախտորոշման համար գոյություն չունի որևէ հատուկ ախտորոշիչ թեստ կամ հետազոտություն: Դրա փոխարեն մի քանի հետազոտությունների արդյունքները կարող են օգնել ախտորոշման հաստատմանը: Հաճախ նշանակվում է կոլոնոսկոպիա, որը, որպես էնդոսկոպիկ հետազոտության մի տեսակ, թույլ է տալիս ներսից դիտել աղիների լորձաթաղանթը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության վերցնել այդ լորձաթաղանթից փոքր նմուշ՝ հյուսվածաբանական հետազոտության համար (բիոպսիա):
Այս երկու հիվանդությունների միջև հիմնական տարբերությունը բորբոքման տեղակայումն է և խորությունը:
- Կրոնի հիվանդությունը կարող է ախտահարել մարսողական խողովակի ցանկացած հատված՝ սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք, սակայն ավելի հաճախ տեղակայվում է բարակ աղիների վերջնային հատվածում՝ զստաղիում (իլեում), որի համար ստացել է տերմինալ իլեիտ անվանումը: Կրոնի հիվանդության մյուս առանձնահատկությունն այն է, որ բորբոքումը տարածվում է աղիքի պատի բոլոր շերտերի վրա, որի համար ստացել է տրանսմուրալ էներիտ անվանումը:
- Կոլիտն ախտահարում է միայն հաստ աղիքը, իսկ բորբոքումն ընդգրկում է միայն աղիների լորձաթաղանթի մակերեսային շերտը: Խոցային կոլիտը երբեմն անվանում են նաև կոլիտ կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, քանի որ կարող է առաջացնել հաստ աղիքի լորձաթաղանթի ամբողջականության փոքր խախտումներ՝ խոցեր:
Թեև Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը չեն կարող վերջնական բուժվել, ախտանիշները կարելի է մեղմացնել աուտոիմուն բորբոքումը մեղմացնող դեղամիջոցներով և այլ միջոցներով: Երբեմն կարող է առաջարկվել նաև վիրահատական բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2018 վերանայվել է՝ 08-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: