Երբեմն դուք կարող եք անօգնական զգալ, երբ առնչվում եք աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) առաջացրած խնդիրների հետ:
Այնուամենայնիվ, սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ձեր ախտանիշների վերահսկմանը և երկարացնել հիվանդության սրացումների (ախտադարձ կամ ռեցեսիվ) միջև ընկած ժամանակահատվածը:
Սննդակարգ
Չկա որևէ հաստատուն ապացույց, որ այն, ինչ ուտում եք, իրականում առաջացնում է աղիների բորբոքային հիվանդություն: Սակայն որոշ սննդամթերքներ և ըմպելիքներ կարող են վատթարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները, հատկապես հիվանդության սրացման ժամանակ:
Կարող է օգտակար լինել սնման օրագիր պահելը, որ հետևեք, թե ինչ եք ուտում, ինչպես նաև այն, թե ինչպես եք ձեզ զգում որևէ տեսակի սննդամթերք օգտագործելուց հետո: Եթե հայտնաբերեք, որ որոշակի մթերքներ առաջացնում են ձեր ախտանիշների վատթարացում, կարող եք փորձել հանել այդ մթերքները ձեր սննդակարգից:
Ահա մի քանի ընդհանուր սննդակարգային առաջարկներ, որոնք կարող են օգնել, որ ավելի արդյունավետ կերպով կառավարեք ձեր վիճակը:
- Սահմանափակեք կաթնամթերքը. ԱԲՀ ունեցող բազմաթիվ մարդիկ գտնում են, որ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են փորլուծությունը, որովայնի ցավը և գազերը, բարելավվում են, երբ սահմանափակում կամ բացառվում են կաթնամթերքային արտադրանքները: Դուք կարող եք ունենալ կաթնաշաքարի (լակտոզի) անհանդուրժողականություն, երբ ձեր օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնամթերքի մեջ առկա կաթնաշաքարը: Ֆերմենտային արտադրանքի օգտագործումը, ինչպիսին է Լակտէյդը, նույնպես կարող է օգնել:
- Կերեք փոքր չափաբաժիններով. դուք կարող եք պարզել, որ ավելի լավ եք զգում օրական հինգ կամ վեց փոքր կերակուր, քան երկու կամ երեք ավելի մեծ սնունդ ընդունելիս:
- Խմեք շատ հեղուկներ. փորձեք օրվա ընթացքում շատ հեղուկներ խմել։ Ջուրը լավագույնն է: Ալկոհոլը և կոֆեին պարունակող ըմպելիքները խթանում են ձեր աղիքները և կարող են վատթարացնել փորլուծությունը, իսկ գազավորված ըմպելիքները հաճախ իրենք են մարսողական խողովակում գազերի ավելցուկ առաջացնում:
- Մտածեք մուլտիվիտամիններ ընդունելու մասին. Կրոնի հիվանդությունը կարող է խանգարել աղիքի պատով սննդանյութերի ներծծումը, իսկ ձեր սննդակարգը կարող է սահմանափակված լինել, ուստի մուլտիվիտամինային և միներալային հավելումները հաճախ օգտակար են: Վիտամիններ կամ հավելումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Խոսեք սննդաբանի հետ (դիետոլոգ). եթե սկսում եք նիհարել կամ ձեր սննդակարգը խիստ սահմանափակված է, խոսեք փորձառու դիետոլոգի հետ:
Ծխելը
Ծխելը մեծացնում է Կրոնի հիվանդության ռիսկը, և երբ դուք ունեք այն, ծխելը կարող է վատթարացնել հիվանդության ընթացքը: Կրոնի հիվանդությամբ մարդիկ, ովքեր ծխում են, ավելի հավանական է, որ սրացումներ (ախտադարձեր կամ ռեցիդիվներ) և դեղորայքի և կրկնակի վիրահատությունների կարիք ունենան:
Ծխելը կարող է օգնել խոցային կոլիտի կանխարգելմանը։ Այնուամենայնիվ, ծխելու վնասն ընդհանուր առողջությանը գերազանցում է ցանկացած օգուտ, և ծխելը թողնելը կարող է բարելավել ձեր մարսողական համակարգի ընդհանուր առողջական վիճակը, ինչպես նաև ապահովել բազմաթիվ այլ առողջական օգուտներ:
Սթրես
Սթրեսի կապը Կրոնի հիվանդության հետ հակասական է, սակայն բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն այս հիվանդությունը, նշում են ախտանիշների սրացումներ բարձր սթրեսային ժամանակահատվածներում: Եթե դժվարանում եք կառավարել սթրեսը, փորձեք այս մոտեցումներից մեկնումեկը:
- Վարժանքներ. նույնիսկ թեթև ֆիզիկական վարժությունները կարող են օգնել սթրեսի նվազեցմանը, դեպրեսիայի թեթևացմանը և աղիների գործունեության նորմալացմանը: Խոսեք ձեր բժշկի հետ ֆիզիկական վարժանքների ծրագրի մասին, որը լավագույնն է համապատասխանում ձեր առողջական վիճակին:
- Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). սթրեսը կրճատող այս մեթոդը կարող է սովորեցնել ձեզ, թե ինչպես թուլացնեք մկանային լարվածությունը և դանդաղեցնեք ձեր սրտազարկերը հետադարձ կապի սարքի օգնությամբ: Նպատակն է օգնել ձեզ, որ մտնեք հանգիստ հոգեկան վիճակի մեջ և կարողանաք ավելի հեշտությամբ հաղթահարել սթրեսը:
- Կանոնավոր ռելաքսացիոն և շնչառական վարժություններ. սթրեսը դիմակայելու և հաղթահարելու մեթոդներից մեկը կանոնավոր ռելաքսացիան է և այնպիսի մեթոդների օգտագործումը, ինչպիսին է խորը դանդաղ շնչառությունը:
Այլընտրանքային բժշկություն
Մարսողական խանգարումներ ունեցող բազմաթիվ մարդիկ փորձում են հավելյալ և այլընտրանքային բժշկության որևէ տեսակ: Այնուամենայնիվ, նման բուժումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ որակյալ հետազոտությունները սակավաթիվ են:
Հետազոտողները կասկածում են, որ ավելի շատ օգտակար բակտերիաներ (պրոբիոտիկներ) ավելացնելը, որոնք սովորաբար հայտնաբերվում են մարսողական խողովակում, կարող է օգնել ԱԲՀ-ի դեմ պայքարին: Թեև տվյալները սահմանափակ են, կան որոշ ապացույցներ, որ այլ դեղամիջոցների հետ մեկտեղ պրոբիոտիկներ ավելացնելը կարող է օգտակար լինել, սակայն դա դեռ վերջնական ապացուցված չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024