Որոշ աճուկային ճողվածքներ ակնհայտ պատճառ չունեն:
Մյուսները կարող են առաջանալ հետևյալի հետևանքով`
- որովայնի ներսում (ներորովայնային) ճնշման բարձրացում
- որովայնի պատին նախկինում առկա թույլ կետ
- որովայնի ձգվածություն աղիքների դատարկման կամ միզելու ժամանակ
- լարված ֆիզիկական գործունեություն
- հղիություն
- քրոնիկ հազ կամ փռշտոց:
Բազմաթիվ մարդկանց մոտ որովայնի պատի թուլությունը, որը հանգեցնում է աճուկային ճողվածքի, առաջանում է մինչև ծնվելը, երբ որովայնի պատի մկանների թույլ կետերը պատշաճ կերպով չեն փակվում: Մյուս աճուկային ճողվածքները զարգանում են ավելի ուշ, երբ մկանները թուլանում կամ հյուծվում են ծերացման, ծանր ֆիզիկական ակտիվության կամ ծխելու հետ կապված հազի պատճառով:
Որովայնի պատում թուլություններ նաև կարող են առաջանալ ավելի ուշ կյանքի ընթացքում, հատկապես վնասվածքից կամ որովայնային վիրահատությունից հետո:
Տղամարդկանց մոտ թույլ կետը սովորաբար առաջանում է աճուկային խողովակում, որի միջով սերմնալարը մտնում է ամորձապարկ: Կանանց մոտ աճուկային խողովակով անցնում է կլոր կապանը, որն օգնում է արգանդը տեղում պահելուն, և ճողվածքները երբեմն առաջանում են այնտեղ, որտեղ արգանդից ձգվող շարակցական հյուսվածքը միանում է ցայլոսկրը շրջապատող հյուսվածքին:
Ռիսկի գործոններ
Աճուկային ճողվածքի զարգացմանը նպաստող գործնները ներառում են հետևյալը:
- Արական սեռ. տղամարդկանց մոտ ութ անգամ ավելի հավանական է աճուկային ճողվածքի զարգացումը, քան կանանց մոտ:
- Մեծ տարիք. տարիքի հետ որովայնի պատի մկանները թուլանում են:
- Ռասա․ սպիտակամորթների մոտ աճուկային ճողվածքի առաջացման ռիսկն ավելի մեծ է:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ունեք մտերիմ ազգական, օրինակ՝ ծնող, քույր կամ եղբայր, ով ունի այդ հիվանդությունը, ձեզ մոտ նույն վիճակի ռիսկը բարձրանում է:
- Քրոնիկ հազ, օրինակ՝ ծխելուց:
- Քրոնիկ փորկապություն. փորկապությունն առաջացնում է աղիքների դժվարացած և գերլարում պահանջող դատարկում:
- Հղիություն. հղի լինելը կարող է թուլացնել որովայնի մկանները և բարձրացնել ներորովայնային ճնշումը:
- Վաղաժամ ծննդաբերություն և ցածր ծննդյան քաշ. աճուկային ճողվածքն ավելի հաճախ հանդիպում է վաղաժամ ծնված կամ ցածր ծննդյան քաշ ունեցող նորածինների և մանկահասակ երեխաների մոտ:
- Նախկին աճուկային ճողվածք կամ ճողվածքի վերականգնում. նույնիսկ եթե ձեր նախորդ ճողվածքն առաջացել է մանկության տարիներին, դուք ենթարկվում եք մեկ այլ աճուկային ճողվածքի զարգացման ավելի մեծ ռիսկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024