Առողջական խնդիրներ

Աճուկային ճողվածք

Աճուկային ճողվածք

Time Read 3 րոպե

Աճուկային ճողվածքը որովայնային ճողվածքների առավել տարածված տեսակներից է, որի ժամանակ որովայնի պարունակությունն արտանկում է աճուկային խողովակից:

Ի՞նչ է աճուկային ճողվածքը

Ճողվածքը մի վիճակ է, երբ մարմնի մի մասը ախտաբանական բացվածքով իր նորմալ դիրքից արտամղվում է դեպի մեկ այլ մաս՝ հայտնվելով այնպիսի տարածության մեջ, որտեղ նորմայում չպտեք է լիներ:

Տղամարդկանց շրջանում աճուկային ճողվածքները մոտ 25 անգամ ավելի հաճախ են առաջանում, քան կանանց շրջանում: Աճուկային ճողվածքը հիմնականում դիտվում է աջից:

Իմացե՛ք ավելին ճողվածքների մասին:

Աճուկային ճողվածքի պատճառները

Աճուկային ճողվածքը զարգանում է, երբ առկա է թուլություն որովայնի ստորին շրջանի մկաններում, որի պատճառով որովայնի խոռոչի որոշ պարունակություն (սովորաբար՝ ճարպոն և բարակ աղիներ) անցնում են որովայնի պատի այդ «թույլ կետերով» (աճուկային խողովակով) և մաշկի տակ առաջացնում տեսանելի կամ շոշափելի արտափքում կամ արտացցում։

Այսպիսով, աճուկային ճողվածքը որովայնի պարունակության արտանկումն է աճուկային խողովակից: Աճուկային խողովակը անցնում է հետևից՝ առաջ և ներսից՝ դուրս ուղղությամբ և ուղղահայաց կտրվածքում եռանկյունաձև է: Կանանց մոտ խողովակի կազմում արգանդի կլոր կապանն է, իսկ տղամարդկանց մոտ`դեպի փոշտ իջնող սերմնալարը:

Աճուկային ճողվածքները տարածված են երեխաների, հատկապես՝ մինչև 6 ամսական նորածինների շրջանում: Դրանք ավելի հաճախ են հանդիպում տղաների և վաղաժամ ծնված նորածինների շրջանում: Երեխաները սովորաբար ծնվում են ճողվածք առաջացնող աճուկային խողովակի թուլությամբ:

Չափահաասների մոտ որովայնի մկանները կարող են թուլանալ ժամանակի ընթացքում կամ կտրուկ լարվածության դրվագների ժամանակ, օրինակ՝ մեծ ծանրություն բարձրացնելիս, հազալիս կամ զուգարանում ճիգեր գործադրելիս:

Աճուկային ճողվածքի ախտանիշները

Աճուկային ճողվածքի ամենաբնորոշ նշանը աճուկի կամ ցայլքի շրջանում մաշկի տակ առաջացող տեսանելի կամ շոշափելի արտափքվածությունն է, որը սովորաբար ավելի ցցուն է դառնում մկանները լարելիս և անհետանում է պառկելիս:

Երեխաների մոտ աճուկային ճողվածքը սովորաբար անցավ է: Ճողվածքը կարող է փոքրանալ, երբ երեխան թուլացած կամ հորիզոնական պառկած է և չափսերով մեծանալ, երբ նա լացում, հազում կամ լարվում է:

Չափահաս մարդկանց մոտ կարող է ի հայտ գալ ճողվածքի շրջանում ցավ, այրոցի կամ ձգվածության զգացողություն, որոնք ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի, երբեմն նաև՝ աղիքների գործունեության ժամանակ: Տղամարդկանց մոտ կարող է ի հայտ գալ անսովոր փքվածություն փոշտում:

Աճուկային ճողվածքի բարդությունները

Աճուկային ճողվածքի լուրջ և ծանր բարդություն է, երբ աղիքը մկանային պատից դուրս սեղմվում է, որը կարող է բերել արյունամատակարարման կրճատման կամ դադարեցման: Սա կոչվում է «ստրանգուլյացիոն ճողվածք» և համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ (կարող է բերել աղիքի նեկրոզի և ծանր պերիտոնիտի):

Առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ձեր երեխան ունի աճուկային ճողվածք և նրա մոտ զարգացել է՝

  • ցավ աճուկում
  • սրտխառնոց և փսխում
  • որովայնի փքվածություն
  • ջերմության բարձրացում
  • ճողվածքային արտափքման լարվածություն, որը ծածկող մաշկը դարձել է կարմիր կամ գունատ կապտամոխրագույն
  • երբ երեխան դադարեցնում է լացը կամ հազալը, ճողվածքային արտափքումը չի փոքրանում և մնում է արտացցված:

Ե՞րբ պետք է այցելել բժշկին

Ճողվածք ունեցող բոլոր երեխաները և չափահասները պետք է այցելեն իրենց բժշկին, քանի որ չբուժվելիս կարող են զարգանալ տարբեր, այդ թվում՝ ծանր բարդություններ:

Չափահասները նաև պետք է տեսնեն իրենց բժշկին, եթե ճողվածքը մեծանում է կամ ուղեկցվում այլ ախտանիշներով, օրինակ՝ ջերմության բարձրացմամբ:

Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե դուք կամ ձեր երեխան ունեք աճուկային ճողվածք, որն ուղեկցվում է հետևյալ լրացուցիչ գանգատներով կամ երևույթներով՝

  • ուժեղ ցավեր, որոնք աստիճանաբար վատթարանում են
  • ճողվածքը ծածկող մաշկը դարձել է կարմիր կամ մանուշակագույն
  • ի հայտ է եկել սրտխառնոց կամ փսխում
  • աղիքային գազերը բաց թողնելու կամ կղելու անկարողություն
  • սրտազարկի խիստ հաճախացում (տախիկարդիա)
  • հանկարծակի ցավեր փոշտում կամ փոշտի չափսերի հանկարծակի մեծացում:

Աճուկային ճողվածքի ախտորոշումը

Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեր աճուկային շրջանը: Նա հավանաբար կխնդրի ձեզ, որ հազաք: Երբեմն կարող է առաջանալ ճողվածքի գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիա) անհրաժեշտություն:

Աճուկային ճողվածքի բուժումը

Աճուկային ճողվածքով բազմաթիվ մարդկանց խորհուրդ է տրվում վիրահատական բուժում, քանի որ վերանում է ճողվածքի բարդության ռիսկը:

Աճուկային ճողվածքի կանխարգելումը

Աճուկային ճողվածքի զարգացան հավանականությունը նվազում է, եթե ունեք առողջ մարմնի կշիռ, երկար ժամանակ կանգնած վիճակում չեք անցկացնում կամ զերծ եք մնում ծանրություններ բարձրացնելուց, ինչպես նաև երբ չեք ծխում կամ ձերբազատվել եք ծխախոտից:

Եթե արդեն ունեք աճուկային ճողվածք, ապա կարող եք կանխարգելել ախտանիշների առաջացումը, եթե՝

Հոդվածը տեղադրվել է՝ 11-06-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով