Եթե ձեր ճողվածքը փոքր է և ձեզ չի անհանգստացնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սպասողական մոտեցում:
Երբեմն, օժանդակող բանդաժ կրելը կամ առաձգական վիրակապը կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը, սակայն նախ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, քանի որ կարևոր է, որ դրանք ճիշտ տեղադրվեն և պատշաճ կերպով օգտագործվեն: Երեխաների մոտ, որոշ դեպքերում, նախքան վիրահատության հարցը քննարկելը, բժիշկը կարող է փորձել ձեռքով ճնշում գործադրել արտափքման վրա՝ այն ներուղղելու համար:
Մեծացող կամ ցավոտ ճողվածքները սովորաբար պահանջում են վիրահատություն՝ գանգատները վերացնելու և լուրջ բարդությունները կանխարգելելու համար:
Կան ճողվածքի վիրահատությունների երկու ընդհանուր տեսակներ՝ բաց վերականգնում և նվազագույն ինվազիվ վերականգնում:
Ճողվածքի բաց վերականգնում
Այս միջամտության դեպքում, որը կարող է իրականացվել տեղային անզգայացման և հանգստացնող դեղամիջոցների կամ ընդհանուր անզգայացման ներքո, վիրաբույժը կտրվածք է կատարում ձեր աճուկի վրա և դուրս մղված հյուսվածքը ետ է մղում ձեր որովայնի խոռոչի մեջ: Այնուհետև վիրաբույժը կարում է թուլացած հատվածը՝ հաճախ այն ամրացնելով սինթետիկ ցանցով (ճողվածքի պլաստիկա): Այնուհետև բացվածքը փակվում է կարերով, ստեպլերներով կամ վիրաբուժական սոսիձով:
Վիրահատությունից հետո ձեզ խորհուրդ կտան հնարավորինս շուտ շարժվել, սակայն ձեր սովորական գործունեությանը վերադառնալը կարող է ձգվել մինչև մի քանի շաբաթ:
Ճողվածքի նվազագույն ինվազիվ վերականգնում
Ընդհանուր անզգայացում պահանջող այս միջամտության ժամանակ վիրաբույժը վիրահատությունը կատարում է ձեր որովայնի պատին արված մի քանի փոքր կտրվածքների միջոցով: Վիրաբույժը կարող է օգտագործել լապարոսկոպիկ կամ ռոբոտային գործիքներ՝ ձեր ճողվածքը վերականգնելու համար: Որովայնը փքելու համար օգտագործվում է գազ, որ ներքին օրգաններն ավելի հեշտ տեսանելի լինեն:
Փոքր խողովակը, որը հագեցած է փոքրիկ տեսախցիկով (լապարոսկոպ) ներմուծվում է կտրվածքներից մեկի մեջ: Տեսախցիկի օգնությամբ վիրաբույժը փոքրիկ գործիքներ է մտցնում մյուս փոքր կտրվածքների միջով՝ սինթետիկ ցանցի միջոցով ճողվածքը վերականգնելու համար:
Մարդիկ, ովքեր անցնում են նվազագույն ինվազիվ վերականգնում, կարող են ունենալ ավելի քիչ հետվիրահատական ցավեր և սպիներ և ավելի արագ վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը: Լապարոսկոպիկ և բաց վիրահատությունների երկարաժամկետ արդյունքները համադրելի են։
Ճողվածքի նվազագույն ինվազիվ վիրահատությունը թույլ է տալիս վիրաբույժին խուսափել նախկինում կատարված ճողվածքի վիրահատության առաջացրած սպիական հյուսվածքից, ուստի այն կարող է լավ ընտրություն լինել այն մարդկանց համար, ում ճողվածքները կրկնվում են ճողվածքի բաց վիրահատությունից հետո: Այն նաև կարող է լավ ընտրություն լինել մարմնի երկու կողմերում (երկկողմանի) ճողվածքներ ունեցող մարդկանց համար:
Բաց վիրահատության նման, սովորական ակտիվության մակարդակին հասնելը կարող է տևել մի քանի շաբաթ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024