Աճուկային ճողվածքի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Ձեր ցայլոսկորի երկու կողմերից մեկնումեկում արտափքում կամ ուռուցիկություն, որն ավելի ակնհայտ է դառնում, երբ կանգնած եք, հատկապես, երբ հազում կամ լարվում եք և սովորաբար անհետանում է պառկելիս:
- Այդ արտափքման շրջանում այրոցի զգացողություն կամ բութ ցավ:
- Ցավ կամ անհարմարավետություն ձեր աճուկում, հատկապես երբ կռանում եք, հազում եք կամ ծանրություն եք բարձրացնում:
- Ձեր աճուկում ծանրության կամ ձգող զգացողություն:
- Ձեր աճուկում թուլություն կամ ճնշում:
- Երբեմն՝ ցավ և այտուց ամորձիների շուրջը, երբ դուրս մղված աղիքն իջնում է ամորձապարկի մեջ:
Գանգատներն ու ախտանիշները երեխաների մոտ
Նորածինների և երեխաների մոտ աճուկային ճողվածքներն առաջանում են որովայնի պատի թուլությունից, որն առկա է ի ծնե: Երբեմն ճողվածքը տեսանելի է միայն այն ժամանակ, երբ երեխան ուժեղ լացում է, հազում է կամ լարվում է աղիքները դատարկելիս: Նա կարող է դյուրագրգիռ լինել և սովորականից ավելի վատ ախորժակ ունենալ:
Ավելի մեծ երեխայի մոտ ճողվածքը հավանաբար ավելի ակնհայտ է, երբ երեխան հազում է, լարվում է աղիքները դատարկելիս կամ կանգնում է երկար ժամանակ:
Անհանգստանալու նշաններ
Եթե դուք չեք կարողանում ճողվածքը ներս մղել (ներուղղել), ճողվածքի պարունակությունը կարող է թակարդվել (օղակվել) որովայնի պատի մեջ: Օղակված ճողվածքը կարող է ստրանգուլացվել, որը դադարեցնում է արյան հոսքը դեպի թակարդված հյուսվածք: Ստրանգուլացված ճողվածքը կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե չբուժվի:
Օղակված ճողվածքի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- սրտխառնոց, փսխում կամ երկուսն էլ
- ջերմություն
- հանկարծակի ցավ, որն արագորեն սաստկանում է
- ճողվածքային արտացցվածքը դառնում է կարմիր, մանուշակագույն կամ մուգ
- կղազատման կամ աղիքային գազերը դուրս հանելու անկարողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ճողվածքային արտացցվածքը դառնում է կարմիր, մանուշակագույն կամ մուգ, կամ եթե նկատում եք օղակված ճողվածքի այլ գանգատներ կամ ախտանիշներ:
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ցավոտ կամ զգալի արտացցվածք ձեր աճուկում՝ ձեր ցայոսկրի որևէ կողմում: Արտացցվածքը հավանաբար ավելի նկատելի կլինի, երբ դուք կանգնած եք, և սովորաբար այն կարող եք շոշափել կամ զգալ, եթե ձեր ձեռքը դնեք անմիջապես տուժած տարածքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024