Ինտերստիցիալ ցիստիտ ունեցող որոշ մարդիկ իրենց ախտանիշները թեթևացնում են հետևյալ մեթոդներով:
- Սննդակարգի փոփոխություններ. ձեր սննդակարգից միզապարկը գրգռող մթերքների բացառումը կամ նվազեցումը կարող է օգնել ինտերստիցիալ ցիստիտի պատճառած անհարմարավետությունների մեղմացմանը: Միզապարկի տարածված գրգռիչները, որոնք անգլերենում հայտնի են որպես «չորս C», ներառում են՝ գազավորված ըմպելիքներ (carbonated beverages), սուրճ (caffeine)՝ իր բոլոր ձևերով (ներառյալ շոկոլադ), ցիտրուսային արտադրանք (citrus) և վիտամին C-ի մեծ քանակներ պարունակող սննդամթերք: Խուսափեք նաև այնպիսի մթերքներից, ինչպիսիք են լոլիկը, թթու մթերքները, ալկոհոլը և համեմունքները: Արհեստական քաղցրացուցիչները կարող են սրել ախտանիշները որոշ մարդկանց մոտ: Եթե կարծում եք, որ որոշ մթերքներ կարող են գրգռել ձեր միզապարկը, փորձեք դրանք հանել ձեր սննդակարգից: Վերականգնեք դրանք մեկ առ մեկ և ուշադրություն դարձրեք, որոնք են, եթե այդպիսիք կան, որ վատթարացնում են ձեր ախտանիշները:
- Միզապարկի մարզում. միզապարկի մարզումը նախատեսում է ժամանակին միզել՝ զուգարան գնալ ըստ ժամացույցի, քան սպասել միզելու կարիքի առաջացմանը: Դուք սկսում եք միզել սահմանված ընդմիջումներով, օրինակ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ՝ անկախ նրանից՝ ունեք միզելու կարիք, թե ոչ: Հետո դուք աստիճանաբար մեծացնում եք զուգարան մտնելու ժամանակային միջակայքերը: Միզապարկի մարզման ընթացքում դուք կարող եք սովորել վերահսկել միզելու պահանջները՝ օգտագործելով ռելաքսացիայի մեթոդներ, ինչպիսիք են դանդաղ և խորը շնչելը կամ ձեր ուշադրությունն այլ զբաղմունքով շեղելը:
Ինքնօգնության հետևյալ մեթոդները նույնպես կարող են օգնել:
- Հագեք ազատ հագուստ. խուսափեք գոտիներից կամ այնպիսի զգեստից, որոնք ճնշում են ձեր որովայնը:
- Նվազեցրեք սթրեսը. փորձեք այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են վիզուալիզացիան և կենսահետադարձ կապը:
- Եթե ծխում եք, դադարեցրեք այն. ծխելը կարող է վատթարացնել ցանկացած ցավոտ վիճակ, ինչպես նաև նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը:
- Վարժանքներ. թեթև ձգող վարժությունները կարող են օգնել ինտերստիցիալ ցիստիտի ախտանիշների մեղմացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Երկու հավելյալ և այլընտրանքային թերապիաներ կարող են որոշակի խոստումնալից արդյունքներ տալ ինտերստիցիալ ցիստիտի բուժման համար` ուղղորդված պատկերացումներ և ասեղնաբուժություն: Այնուամենայնիվ, այս բուժումները լավ չեն ուսումնասիրվել ինտերստիցիալ ցիստիտի համար, ուստի համոզվեք, որ քննարկել եք այս թերապիաների օգտագործումը ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024