Մաշկի քորը կարող է ազդել փոքր տարածքների վրա, ինչպիսիք են գլխամաշկը, ձեռքը կամ ոտքը (տեղային քոր): Կամ այն կարող է ծածկել ամբողջ մարմինը (տարածուն քոր):
Մաշկի քորը կարող է առաջանալ առանց մաշկային այլ նկատելի փոփոխությունների: Կամ այն կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝
- բորբոքված մաշկ
- քերծվածքների հետքեր
- այտուցներ, բծեր կամ բշտիկներ
- չոր, ճաքած մաշկ
- կաշվենման կամ թեփուկավոր բծեր:
Երբեմն քորը տևում է երկար ժամանակ և կարող է դառնալ ուժեղ և խիստ անհանգստացնող: Երբ դուք շփում կամ քերծում եք քոր եկող տարածքը, այն ավելի է քոր գալիս: Եվ որքան շատ եք քորում, այնքան քորելու ցանկությունն ավելի է մեծանում: Քորի այս արատավոր օղակը կոտրելը կարող է դժվար լինել:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին կամ մաշկային հիվանդությունների մասնագետին (մաշկաբան), եթե ձեր մաշկի քորը՝
- տևում է ավելի քան երկու շաբաթ և չի բարելավվում ինքնօգնության միջոցներով
- սաստիկ է և շեղում է ձեզ ձեր առօրյայից կամ խանգարում է քնելուն
- սկսվում է հանկարծակի և չի կարող հեշտությամբ բացատրվել
- ազդում է ձեր ամբողջ մարմնի վրա
- ուղեկցվում է այլ ախտանիշներով, ինչպիսիք են քաշի կորուստը, ջերմությունը կամ գիշերային քրտնարտադրությունը:
Եթե, չնայած բուժմանը, վիճակը պահպանվում է երեք ամիս, դիմեք մաշկաբանին, որ նա ստուգի մաշկային հիվանդության առկայությունը: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի նաև դիմել թերապևտի, որ ստուգվի մաշկային քոր պատճառող այլ հիվանդությունների առկայությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024