Առողջական խնդիրներ
Հոդացավ և հոդերի այտուցվածություն

1 րոպե
Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներից են, որոնք հաճախ նաև ուղեկցվում են մկանային կարկամությամբ, մաշկի տեղային կարմրությամբ և տաքությամբ։
Հոդացավը և այտուցվածությունը կարող է զարգանալ արագ՝ սուր կերպով կամ աստիճանաբար՝ շաբաթների և ամիսների ընթացքում։
Սուր հոդացավը սովորաբար զարգանում է արագ, սակայն՝ տևում կարճ։ Սուր հոդացավերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝
- վնասվածքներ, ինչպիսիք են ձգումը (растяжения) և գերլարումը
- հոդերի գերհոգնածություն
- հոդերի վարակային ախտահարումներ
- այլ «արտահոդային» հիվանդություններ, օրինակ՝ գրիպ։
Քրոնիկ հոդացավերը զարգանում են դանդաղ և առաջացնում երկարատև առողջական խնդիրներ։ Որոշ դեպքերում քրոնիկ հոդացավերի պատճառ կարող են հանդիսանալ այսպես կոչված «ռևմատիկ» հիվանդությունները։
«Ռևմատիկ» վիճակներն առաջացնում են ոչ միայն հոդերի, այլև ոսկրերի և մկանների ցավեր։ «Ռևմատիկ» հիվանդությունները ներառում են ավելի քան 200 տարբեր հիվանդություններ և վիճակներ (այդ թվում՝ պոդագրա և լուպուս), սակայն դրանցից ամենահաճախ հանդիպողները հոդաբորբերն են (արթրիտներ), որոնք, ինչպես հուշում է անվանումը, ընթանում են հոդերի բորբոքմամբ և բորբոքային այտուցով։
Հոդաբորբերի ամենահաճախ հանդիպող տեսակներն են օստեոարթրիտը և ռևմատոիդ արթրիտը։
Արթրիտները կարող են հանդիպել ոչ միայն մեծ տարիքով, այլև տարիքային բոլոր խմբերի մարդկանց շրջանում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե ձեր հոդերը ցավոտ և այտուցված են, սա դեռ չի նշանակում, որ ունեք հոդաբորբ։
Եթե նկատել եք հոդերի ցավեր կամ այտուցվածություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին։
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 19-10-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: