Օստեոարթրիտ
29-04-2018
1 րոպե
Օստեոարթրիտը կամ օստեոարթրոզը հաճախ հաշմանդամության բերող քրոնիկ հոդային հիվանդություն է։
Օստեոարթրիտը տարածված հոդային հիվանդություն է, որը կազմում է բոլոր ռևմատիկ հիվանդությունների շուրջ 60%-ը: Օստեոարթրիտի զարգացման մեջ դեր են խաղում մի շարք ռիսկի գործոններ, ներառյալ մարմնի ավելցուկային քաշը կամ գիրությունը, հոդերի վնասվածքը (նաև՝ վիրահատական բնույթի), հոդերի պարբերաբար ծանրաբեռնվածությունը, հաճախակի ծանրություններ բարձրացնելը և այլն։
Օստեոարթրիտների երեք հիմնական առանձնահատկություններն են՝
- հոդերի ներսի և շրջակայքի հյուսվածքների թեթև բորբոքում
- հոդաճառների վնասում (հոդաճառները պինդ և հարթ մակերեսներ են, որոնք մեղմացնում են միմյանց միացվող ոսկրերի միջև շփումը)
- հոդերի եզրերով ոսկրային գերաճի առաջացում։
Օստեոարթրիտն ավելի հաճախ հանդիպում է ծնկան, կոնքազդրային և ձեռքի մանր հոդերում, ինչպես նաև բութ մատի հիմքում, թեև կարող է ախտահարել ցանկացած հոդ։
Օստեոարթրիտի ախտորոշման համար չկա որևէ կոնկրետ ախտորոշիչ հետազոտություն։ Բժիշկը հիմնվում է գանգատների և հոդերի ու մկանների զննմամբ ստացված տվյալների վրա։ Ուստի, եթե կարծում եք, որ ունեք օստեոարթրիտ, առանց ձգձգելու այցելեք բժշկին։
Հոդվածը վերանայվել է՝ 31-05-2021