Կերատոկոնուսն աչքի հիվանդություն է, որի դեպքում ձեր եղջերաթաղանթը (եղջերենին)՝ աչքի գմբեթաձև թափանցիկ առջևի մասը, բարակում և աստիճանաբար փքվում է դեպի դուրս՝ ստանալով կոնաձև տեսք:
Եղջերաթաղանթի կոնաձև ձևափոխումը հանգեցնում է տեսողության խանգարման և կարող է առաջացնել լույսի և փայլերի նկատմամբ զգայունություն: Կերատոկոնուսը սովորաբար ազդում է երկու աչքերի վրա, սակայն, կարող է ավելի արտահայտված լինել աչքերից մեկնումեկում: Կերատոկոնուսը սովորաբար սկսում է դրսևորվել ուշ պատանեկությունից մինչև 30 տարեկան հասակում: Հիվանդությունը կարող է զարգանալ դանդաղորեն՝ 10 տարի կամ ավելի երկար ընթացքով:
Կերատոկոնուսի վաղ փուլերում հնարավոր է, որ կարողանաք շտկել տեսողության խնդիրները ակնոցով կամ փափուկ կոնտակտային ոսպնյակներով (լինզաներ): Հետագայում գուցե ստիպված լինեք անցնելու կոշտ գազաթափանցելի կամ այլ հատուկ կոնտակտային լինզաների, ինչպիսիք են եղջերաթաղանթային (սկլերալ) լինզաները: Եթե ձեր վիճակը վատթարանում է, կարող է անհրաժեշտ լինել եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Եղջերաթաղանթային կոլագենի խաչաձև կարում կոչվող միջամտությունը կարող է օգնել կերատոկոնուսի հարաճուն զարգացման դանդաղեցմանը կամ դադարեցմանը՝ որոշ դեպքերում նաև կանխելով եղջերաթաղանթի հետագա փոխպատվաստման անհրաժեշտությունը: Այս բուժումը կարող է առաջարկվել ի լրումն վերոնշյալ տեսողության շտկման տարբերակներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024