Skip to main content

Բուժում - Կերատոկոնուս

Կերատոկոնուսի բուժումը կախված է ձեր վիճակի ծանրությունից և այն բանից, թե որքան արագ է այն զարգանում:

Ընդհանուր առմամբ, կա կերատոկոնուսի բուժման երկու մոտեցում՝ հիվանդության զարգացման դանդաղեցում և տեսողության բարելավում:

Եթե կերատոկոնուսը հարաճուն զարգանում է, եղջերաթաղանթային կոլագենի խաչաձև կարումը կարող է ցուցված լինել այն դանդաղեցնելու կամ վատթարացումը դադարեցնելու համար: Այս բուժումը կենտրոնանում է եղջերաթաղանթի կառուցվածքի կայունացման վրա: Այն կարող է նվազեցնել եղջերաթաղանթի արտափքվածքը և օգնել բարելավելու տեսողությունը ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակների (լինզաների) միջոցով: Այս բուժումը նաև կարող է որոշ դեպքերում ձեզ ազատել ապագայում եղջերաթաղանթի փոխպատվաստման անհրաժեշտությունից:

Տեսողության բարելավումը կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Թեթև և միջին ծանրության կերատոկոնուսը կարելի է բուժել ակնոցով կամ կոնտակտային ոսպնյակներով (լինզաներով): Դա, ամենայն հավանականությամբ, կլինի երկարաժամկետ բուժում, հատկապես, եթե ժամանակի ընթացքում կամ խաչաձև կարման շնորհիվ եղջերաթաղանթը կայունանում է:

Կերատոկոնուս ունեցող որոշ մարդկանց մոտ հիվանդության հարաճուն զարգացումը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի վրա սպիական փոփոխությունների առաջացման: Մյուսների համար կոնտակտային լինզաներ կրելը դառնում է դժվար կամ խիստ անհարմարավետ: Նման մարդկանց կարող է առաջարկվել եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն:

Ոսկպնյակներ

  • Ակնոցներ կամ փափուկ կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ)․ ակնոցները կամ փափուկ կոնտակտային լինզաները կարող են շտկել մշուշոտ կամ աղավաղված տեսողությունը կերատոկոնուսի վաղ փուլերում: Սակայն, մարդիկ հաճախ ստիպված են փոխել ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների նշանակումները, քանի որ նրանց եղջերաթաղանթի ձևը շարունակաբար փոփոխվում է:
  • Կոշտ կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ)․ կոշտ կոնտակտային լինզաները հաճախ ավելի զարգացած կերատոկոնուսի բուժման հաջորդ քայլն են: Կոշտ լինզաներից են կոշտ գազաթափանցելի տեսակները: Կոշտ լինզաները սկզբում կարող են կրելու համար անհարմար լինել, բայց շատերն ընտելանում են դրանց, հատկապես, որ այս լինզաները կարող են հիանալի տեսողություն ապահովել: Այս տեսակի ոսպնյակները կարող են պատրաստվել ըստ ձեր եղջերաթաղանթի ձևի:
  • Վերադիր ոսպնյակներ (լինզաներ). եթե կոշտ լինզաները ձեր աչքերի համար մեծ անհարմարություն են ստեղծում, ակնաբույժը կարող է խորհուրդ տալ «վերադիր» կոշտ կոնտակտային ոսպնյակներ՝ փափուկ ոսպնյակների վրա:
  • Հիբրիդային ոսպնյակներ (լինզաներ). այս կոնտակտային լինզաներն ունեն կոշտ կենտրոնական մաս՝ արտաքին ավելի փափուկ օղակով, որը թույլ է տալիս բարձրացնել այն կրելու հարմարավետությունը: Մարդիկ, ովքեր չեն կարող հանդուրժել կոշտ կոնտակտային լինզաները, կարող են նախընտրել հիբրիդային տեսակները:
  • Սկլերալ ոսպնյակներ (լինզաներ). այս լինզաներն օգտակար են եղջերաթաղանթի ձևի պիստ անկանոն փոփոխությունների դեպքում: Եղջերաթաղանթի վրա տեղադրվելու փոխարեն, ինչպես պահանջում են սովորական կոնտակտային լինզաները, սկլերալ լինզաները ներդրվում են աչքի սպիտենու՝ սկլերայի վրա և կախված են եղջերաթաղանթի վրա՝ առանց դրան դիպչելու:

Եթե դուք օգտագործում եք կոշտ կամ սկլերալ կոնտակտային լինզաներ, համոզվեք, որ դրանք նշանակել է կերատոկոնուսի բուժման փորձ ունեցող ակնաբույժը: Դուք նաև պետք է պարբերաբար ստուգումներ անցնեք ՝ պարզելու, թե արդյոք լինզաները դեռ լավ են նստում ձևափոխվող եղջերաթաղանթի վրա: Սխալ ընտրված լինզաները կարող են վնասել ձեր եղջերաթաղանթը:

Միջամտություններ

  • Եղջերաթաղանթային խաչաձև կարում. այս միջամտությամբ եղջերաթաղանթը ներծծվում է ռիբոֆլավինային աչքի կաթիլներով և բուժվում ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ: Սա առաջացնում է եղջերաթաղանթի խաչաձև կարում, ինչը նրան տալիս է կոշտություն՝ ձևի հետագա փոփոխությունները կանխելու համար: Եղջերաթաղանթային կարումը կարող է օգնել տեսողության հարաճուն կորստի ռիսկի կրճատմանը՝ հիվանդության վաղ փուլերում կայունացնելով եղջերաթաղանթի ձևը:

Վիրահատություն

Ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն, եթե ձեր եղջերաթաղանթի վրա ձևավորվել են սպական փոփոխություն, ձեր եղջերաթաղանթը խիստ բարակել է, ունեք խիստ թույլ տեսողություն և օգտագործում եք ամենաուժեղ լինզաները կամ չեք կարող կրել ցանկացած տեսակի կոնտակտային լինզաներ: Կախված ուռուցիկ կոնի տեղակայումից և ձեր վիճակի ծանրության աստիճանից, վիրաբուժական տարբերակները ներառում են հետևյալը:

  • Եղջերաթաղանթի օղակի ինտրաստրոմալ սեգմենտներ (ICRS). թեթև և միջին ծանրության կերատոկոնուսի դեպքում ձեր ակնաբույժը կարող է խորհուրդ տալ եղջերաթաղանթի մեջ փոքր արհեստական օղակների տեղադրում: Սա կարող է օգնել եղջերաթաղանթի հարթեցմանը, որն իր հերթին կարող է օգնել տեսողության բարելավմանը և կոնտակտային լինզաներ կրելը դարձնել ավելի հարմարավետ: Երբեմն այս միջամտությունը կատարվում է եղջերաթաղանթային խաչաձև կարման հետ միասին:
  • Եղջերաթաղանթի փոխպատվաստում. եթե եղջերաթաղանթի վրա ձևավորվել են սպիական փոփոխություններ կամ այն խիստ բարակել է, ամենայն հավանականությամբ, ձեզ անհրաժեշտ կլինի եղջերաթաղանթի փոխպատվաստում: Կախված ձեր իրավիճակից, ակնաբույժը կարող է խորհուրդ տալ ձեր ամբողջ եղջերաթաղանթի կամ դրա մի մասի փոխարինում դոնորական առողջ հյուսվածքով: Եղջերաթաղանթի փոխպատվաստումը հայտնի է որպես կերատոպլաստիկա:

Կերատոկոնուսի դեպքում եղջերաթաղանթի փոխպատվաստումն ընդհանուր առմամբ ունի հաջող արդյունքներ: Հնարավոր բարդությունները ներառում են պատվաստանյութի մերժումը, վատ տեսողությունը, վարակը և աստիգմատիզմը: Աստիգմատիզմը հաճախ կառավարվում է կրկին կոշտ կոնտակտային լինզաներով, որոնց կրելը սովորաբար ավելի հարմարավետ է եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024