Երիկամային հիվանդություն. կանխարգելում
06-05-2018
2 րոպե

Կան ձեր երիկամներն առողջ պահպանող բազմաթիվ միջոցներ։
Դրանց մեծ մասը կապված է առողջ ապրելակերպի հետ, որը ձեր ամենօրյա կյանքի մի մասը դարձնելով ձեզ որոշակիորեն կապահովագրեք տարբեր քրոնիկ հիվանդություններից, այդ թվում կնպաստեք երիկամային հիվանդության կանխարգելմանը։
Ահա դրանցից ամենակարևորները՝
- հսկեք ձեր մարմնի զանգվածը, քանի որ մարմնի ավելցուկային կիլոգրամները բարձրացնում են դիաբետի և բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) ռիսկերը, որոնք իրենց հերթին մեծացնում են երիկամային հիվանդության զարգացման հավանականությունը
- սնվեք առողջ. լավագույն տարբերակը մրգերով և բանջարեղեններով հարուստ, ինչպես նաև աղից, շաքարից և ճարպերից աղքատ սննդակարգն է
- խմեք առատ ջուր և խուսափեք քաղցրահամ ըմպելիքներից
- կանոնավոր ֆիզիկական վարժանքներ կատարեք
- մի ծխեք
- քչացրեք ալկոհոլի օգտագործումը
- հոգ տարեք սթրեսը նվազեցնելու մասին և ժամանակ առ ժամանակ «թուլացրեք» ձեր մարմինն ու ուղեղը
- ուշադիր եղեք ռիսկի գործոնների նկատմամբ. եթե դրանք ձեզ մոտ առկա են, կանոնավոր կերպով ստուգեք ձեր երիկամների գործունեությունը։
Ի՞նչ անել, եթե ես «բարձր ռիսկի» մեջ եմ
Եթե ձեզ մոտ առկա է երիկամային հիվանդության ռիսկի գործոններից մեկը կամ մի քանիսը, երիկամների առողջ վիճակի պահպանումը և դրանց գործունեության կանոնավոր ստուգումը դառնում են առավել կարևոր։
Օրինակ, եթե ունեք դիաբետ, ապա խիստ կարևոր է, որ արյան գլյուկոզը պահեք մշտական հսկողության ներքո, պարբերաբար ստուգեք ձեր արյան ճնշումը, խոլեսթերինի մակարդակը և կանխարգելեք կամ վաղ բուժեք հնարավոր միզուղիների վարակը։
Հոդվածը վերանայվել է՝ 09-03-2021