Երիկամային հիվանդություն. ախտանշաններ
13-04-2018
2 րոպե

Երիկամային հիվանդությունը շատ հաճախ ամիսներ շարունակ կարող է ընթանալ առանց որևէ ակնհայտ նշանների։
Մեր օրգանիզմը կարող է «հարմարվել» երիկամների ախտահարմանը և տևական ժամանակ երիկամային հիվանդությունը կարող է մնալ աննկատ։ Օրինակ, երիկամները կարող են «կորցնել» իրենց գործունեության 90%-ը՝ առանց որևէ խիստ անհանգստացնող գանգատի։ Սա ինքնին մեծ խնդիր է, քանի որ բազմաթիվ երիկամային հիվանդություններ ախտորոշվում են ուշացած, երբ արդեն իսկ զարգացել են անդառնալի փոփոխություններ։
Այսպիսով, շատ կարևոր է, որ դուք ուշադրություն դարձնեք ձեր ինքնազգացողության և առողջական վիճակի այնպիսի փոփոխություններին, որոնց հիմքում կարող են ընկած լինել երիկամների ախտահարումը։ Նման դեպքերում այցելեք ձեր բժշկին և զրուցեք նրա հետ ձեզ անհանգստացող երևույթների մասին։
Եթե ձեզ մոտ ախտորոշել են երիկամային քարեր, ապա երիկամներում կամ միզածորաններում (երիկամները և միզապարկն իրար միացնող զույգ խողովակներ) այդ քարերի տեղաշարժվելը կարող է առաջացնել մեջքի՝ կողերից ներքև ընկած հատվածներում ուժեղ ցավեր, ինչպես նաև միզելուց ցավեր (կոչվում է «դիզուրիա»), մեզի գույնի փոփոխություն, մեզից խիստ տհաճ հոտի առկայություն և միզելու մշտական ցանկություն։ Երիկամների վարակը (կոչվում է «պիելոնեֆրիտ») նույնպես կարող է առաջացնել նմանատիպ ախտանիշներ։
Նշաններ, որոնք կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- միզարձակության հաճախականության և մեզի քանակի փոփոխություններ
- մեզի տեսքի փոփոխություններ (օրինակ՝ փրփրոտ մեզ)
- մեզում արյուն (հեմատուրիա)
- ոտքերի, հատկապես՝ ոտնաթաթերի շրջանում և աչքերի շուրջն այտուցվածություն
- ցավեր գոտկատեղում
- ընդհանուր հոգնածության զգացում
- քնելու հետ կապված խնդիրներ
- ախորժակի կորուստ
- գլխացավեր
- ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ
- քոր
- շնչարգելություն կամ հևոց
- սրտխառնոց և փսխում
- բերանի տհաճ հոտ և մետաղական համի զգացողություն
- մկանային ջղաձգումներ
- ձեռքերի և ոտքերի մատների ծակծկոցի զգացում։
Հոդվածը վերանայվել է՝ 09-03-2021