Երիկամային հիվանդություն. բուժում
02-05-2018
2 րոպե

Երիկամային որոշ հիվանդություններ բուժելի են, որոշները՝ ոչ։
Բոլոր դեպքերում, կան ուղիներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները և որոշ չափով բարելավել ինքնազգացողությունը։
Եթե ունեք որևէ վարակ (միզուղիների վարակ կամ պիելոնեֆրիտ), ձեզ կարող են նշանակվել հակաբիոտիկներ։
Եթե ախտորոշվել է միզաքարային հիվանդություն, կան բուժման տարբեր մեթոդներ, ներառյալ՝ վիրահատությունը։
Երիկամային տարբեր հիվանդությունների ընթացքը մեղմացնելու և բարդությունները կանխարգելելու համար կարող են օգտակար լինել նաև մի շարք այլ բուժումներ, որոնցից են՝
- առողջ սննդակարգ
- մարմնի առողջ կշռի պահպանում
- ծխելու դադարեցում, եթե ծխող եք
- արյան բարձր ճնշման, դիաբետի, բարձր խոլեսթերինի և այլ հիվանդությունների պատշաճ կառավարում ու բուժում։
Երբ երիկամային հիվանդության բուժումը սկսվում է բավականին վաղ, հիվանդության հարաճուն զարգացման «զսպելը» և երիկամների անդառնալի վնասումը դանդաղեցնելը դառնում են ավելի հավանական։
Երիկամային անբավարարություն զարգանալիս բուժումը սահմանափակվում է հետևյալ երեք տարբերակներից մեկնումեկով՝
- երիկամների փոխպատվաստում, երբ վիրահատության միջոցով հիվանդ երիկամը փոխարինվում է դոնորական առողջ երիկամով
- դիալիզ, երբ հատուկ սարքերի օգնությամբ արյունը (հեմոդիալիզ) կամ օրգանիզմի այլ հեղուկները (որովայնային դիալիզ) մաքրվում են օրգանիզմում կուտոկվող նյութափոխանակության արգասիքներից և ավելցուկային հեղուկներից
- օժանդակող կամ սիմպտոմատիկ բուժում, որը երիկամային անբավարարության հետևանքների մեղմացումն է՝ առանց բուն հիվանդությունը բուժելու:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022