Երիկամային կամ ռենալ հիվանդությունը երիկամների ախտահարմամբ ընթացող տարբեր հիվանդությունների հավաքական անվանումն է։
Ժամանակին ախտորոշվելու դեպքում երիկամների ախտահարումը կարող է հաջողությամբ բուժվել։ Այնուամենայնիվ, հաճախ այս հիվանդությունը մնում է չախտորոշված և հայտնաբերվում միայն այն ժամանակ, երբ երիկամներն արդեն ծանր և անդառնալի ախտահարված են, իսկ բուժումն այլևս լիարժեք չէ։
Դուք ունեք երկու երիկամ, որոնք երկու կողմերից տեղակայված են ձեր գոտկային շրջանից քիչ բարձր դիրքում։ Երիկամն իր չափսերով մոտավորապես նման է ձեր փակ բռունցքին։
Երիկամների հիմնական դերը ձեր արյունը զտելը՝ քամազատելը և զտված արգասիքները՝ թափոնային նյութերը ձեր օրգանիզմից մեզի միջոցով հեռացնելն է։ Միևնույն ժամանակ, երիկամները մասնակցում են արյան ճնշման կարգավորմանը, արյունաստեղծմանը (արյան կարմիր բջիջների կամ էրիթրոցիտների առաջացմանը մասնակցող էրիթրոպոետին նյութի արտադրություն) և ոսկերի ամրության ապահովմանը։
Երբ ձեր երիկամների գործունեությունը խանգարվում է, նյութափոխանակության արգասիքները՝ թափոնային նյութերը մնում և սկսում են կուտակվել ձեր օրգանիզմում։
Երիկամային հիվանդության տեսակները
Երիկամային հիվանդության հիմնական տեսակներն են՝
- երիկամային քարեր. սրանք քարի պնդության միաձուլված բյուրեղներ են, որոնք «նստում» են ձեր երիկամների ներսում (այլ կերպ անվանում են երիկամաքարային կամ միզաքարային հիվանդություն)
- երիկամների պոլիկիստոզային հիվանդություն. սա ժառանգական հիվանդություն է, երբ երիկամներում առաջանում են կիստաներ
- դիաբետային երիկամներ (դիաբետիկ նեֆրոպաթիա). սա դիաբետով պատճառված երիկամների ախտահարումն է
- գլոմերուլոնեֆրիտ. գլոմերուլոնեֆրիտը երիկամների կծիկների բորբոքային հիվանդություն է
- երիկամների վարակ (պիելոնեֆրիտ). պիելոնեֆրիտն առաջանում է միզուղիների վարակի դեպի վեր՝ երիկամներ տարածվելու պատճառով
- երիկամների քաղցկեղ. սա հազվադեպ հանդիպող քաղցկեղային հիվանդություն է, երբ ուռուցքային օջախը տեղակայված է երիկամներից մեկնումեկում։
Երիկամների ձգձգվող ընթացքով ախտահարումը կոչվում է քրոնիկ երիկամային հիվանդություն։ Երիկամների քրոնիկ հիվանդությունը սովորաբար ավարտվում է քրոնիկ երիկամային անբավարարությամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024