Երիկամների քարերը հաճախ չունեն կոնկրետ մեկ պատճառ, սակայն մի քանի գործոններ կարող են մեծացնել դրանց առաջացման ռիսկը:
Քարերը ձևավորվում են, երբ ձեր մեզը պարունակում է ավելի շատ բյուրեղներ ձևավորող նյութեր, ինչպիսիք են կալցիումը, օքսալատը և միզաթթուն, քան մեզի հեղուկը կարող է լուծել: Միևնույն ժամանակ, ձեր մեզի մեջ կարող են բացակայել այն նյութերը, որոնք կանխում են բյուրեղների միմյանց միաձուլումը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ երիկամային քարերի առաջացման և մեծացման համար:
Երիկամների քարերի տեսակները
Երիկամային քարի տեսակն իմանալն օգնում է բժշկին, որ որոշի դրա առաջացման պատճառը: Քարի տեսակը նաև կարող է հուշել, թե ինչպես կրճատել ավելի շատ քարերի առաջացման ռիսկը: Եթե հնարավոր է, փորձեք գտնել մեզով դուրս եկած ձեր երիկամային քարը, որ ներկայացնեք այն ձեր բժշկին՝ վերլուծության համար:
Երիկամների քարերի տեսակները ներառում են հետևյալը:
- Կալցիումական քարեր. երիկամային քարերի մեծ մասը կալցիումական քարեր են, սովորաբար՝ կալցիումի օքսալատի տեսքով: Օքսալատը նյութ է, որն ամեն օր արտադրվում է ձեր լյարդում կամ ներծծվում ձեր սննդից: Որոշ մրգերը և բանջարեղենը, ինչպես նաև ընկույզները և շոկոլադն ունեն օքսալատի բարձր պարունակություն։ Սննդային գործոնները, վիտամին D-ի բարձր դեղաչափերը, աղիների շրջանցման (շունտավորման) վիրահատությունը և նյութափոխանակության մի շարք խանգարումները կարող են մեծացնել մեզի մեջ կալցիումի կամ օքսալատի խտությունը: Կալցիումական քարերը նաև կարող են առաջանալ կալցիումի ֆոսֆատի տեսքով։ Այս տեսակի քարերն ավելի տարածված են նյութափոխանակության խանգարումների դեպքում, ինչպիսին է երիկամի խողովակային ացիդոզը: Այն նաև կարող է կապված լինել միգրենի կամ ցնցումների բուժման մեջ օգտագործվող որոշ դեղամիջոցների հետ, ինչպիսին է Տոպիրամատը (Տոպամաքս, Տրոկենդի XR, Քվիդեքսի XR):
- Ստրուվիտային քարեր. ստրուվիտային քարերը ձևավորվում են ի պատասխան միզուղիների վարակի: Այս քարերը կարող են արագ աճել և դառնալ բավականին մեծ՝ երբեմն քիչ ախտանիշներով կամ քիչ նախազգուշական գանգատներով:
- Միզաթթվային (ուրիկացիդային) քարեր. միզաթթվային քարեր կարող են ձևավորվել այն մարդկանց մոտ, ովքեր քրոնիկ փորլուծության կամ մալաբսորբցիայի պատճառով չափազանց շատ հեղուկ են կորցնում, սնվում են բարձր սպիտակուցային սննդակարգով և ունեն դիաբետ կամ մետաբոլիկ համախտանիշ: Որոշ գենետիկ գործոններ նույնպես կարող են մեծացնել միզաթթվային քարերի առաջացման ռիսկը:
- Ցիստինային քարեր. այս քարերը ձևավորվում են ցիստինուրիա կոչվող ժառանգական խանգարում ունեցող մարդկանց մոտ։ Խանգարումը հանգեցնում է երիկամների կողմից ցիստին ամինաթթուների ուժեղացված արտազատմանը:
Ռիսկի գործոններ
Երիկամային քարերի առաջացման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Ընտանեկան կամ անձնական պատմություն (անամնեզ). եթե ձեր ընտանիքում ինչ-որ մեկն ունեցել է կամ ունի երիկամային քարեր, ձեզ մոտ նույնպես հավանական է, որ քարեր զարգանան: Եթե դուք արդեն ունեցել եք երիկամների մեկ կամ մի քանի քարեր, ձեզ մոտ մեկ այլ քարի առաջացման ավելի մեծ ռիսկ կա:
- Ջրազրկում (դեհիդրատացիա). ամեն օր բավարար քանակությամբ ջուր չխմելը կարող է մեծացնել երիկամներում քարերի առաջացման ռիսկը: Մարդիկ, ովքեր ապրում են տաք, չոր կլիմայական պայմաններում և նրանք, ովքեր շատ են քրտնում, կարող են քարերի առաջացման ավելի բարձր ռիսկի ենթարկվել, քան մյուսները:
- Որոշակի սննդակարգեր. սպիտակուցներով, նատրիումով (աղով) և շաքարով հարուստ սննդակարգը կարող է մեծացնել երիկամային քարերի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Սա հատկապես ճիշտ է նատրիումով բարձր սննդակարգի դեպքում: Ձեր սննդակարգում չափազանց շատ կերակրի աղը մեծացնում է կալցիումի քանակը, որը ձեր երիկամները պետք է զտեն և զգալիորեն մեծացնում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը:
- Գիրություն. բարձր մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ), իրանի մեծ շրջանագիծը (որովայնային ճարպակալում) և քաշի ավելացումը կապված են երիկամներում քարերի առաջացման ռիսկի հետ:
- Մարսողական հիվանդություններ և վիրահատություններ. ստամոքսի շրջանցման վիրահատությունը, աղիների բորբոքային հիվանդությունը կամ քրոնիկ փորլուծությունը կարող են առաջացնել մարսողական գործընթացի փոփոխություններ, որոնք ազդում են կալցիումի և ջրի ներծծման վրա՝ ավելացնելով մեզի մեջ քար առաջացնող նյութերի քանակը:
- Այլ առողջական վիճակները, ինչպիսիք են երիկամային խողովակային ացիդոզը, ցիստինուրիան, հիպերպարաթիրեոզը (գերակտիվ հարվահանաձև գեղձեր) և միզուղիների կրկնվող վարակները նույնպես կարող են մեծացնել երիկամային քարերի առաջացման ռիսկը:
- Որոշ հավելումները և դեղամիջոցները, ինչպիսիք են վիտամին C-ն, սննդային հավելումները, լուծողականները (չափից շատ օգտագործման դեպքում), կալցիումի վրա հիմնված անտացիդները և այլ դեղամիջոցները, որոնք օգտագործվում են միգրենի կամ դեպրեսիայի բուժման մեջ, կարող են մեծացնել երիկամներում քարերի առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2023
Վերջին վերանայում՝ 29-05-2024