Երիկամային քարերի բուժումը տարբերվում է՝ կախված քարի տեսակից և պատճառից:
Նվազագույն ախտանիշներով փոքր քարեր
Երիկամային փոքր քարերի մեծ մասը ինվազիվ բուժում չի պահանջում: Դուք կարող եք մեզով հեռացնել փոքրիկ քարերը հետևյալ միջոցներով:
- Մեծ քանակով ջրի ընդունում. օրական 1,8-3,6 լիտր ջուր խմելը ձեր մեզը կպահի նոսր և կարող է կանխել նոր քարերի առաջացումը: Եթե ձեր բժիշկն այլ բան չի ասում, խմեք բավականաչափ հեղուկներ, լավագույն դեպքում՝ հիմնականում ջուր, որ ձեր մեզը դառնա թափանցիկ կամ գրեթե թափանցիկ:
- Ցավազրկողներ. միզուղիներով փոքր քարի տեղափոխումը կարող է առաջացնել որոշակի անհանգստություն: Թույլ ցավը թեթևացնելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ ցավազրկողներ, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե):
- Դեղորայքային բուժում. բժիշկը կարող է ձեզ դեղորայք առաջարկել, որը կօգնի ձեր երիկամների քարերի հեռացմանը: Այս տեսակի դեղամիջոցները, որը հայտնի են որպես ալֆա-պաշարիչներ (բլոկատորներ), թուլացնում են միզածորանի մկանները՝ օգնելով ձեզ, որ ավելի արագ և ավելի քիչ ցավերով մեզով հեռացնեք մարն քարերը (ավազը): Ալֆա-պաշարիչների օրինակներից են՝ Տամսուլոզին (Ֆլոմաքս) և Դուտաստերիդ և Տամսուլոզինի (Յալին) դեղամիջոցների համակցությունը:
Մեծ և ախտանիշներ առաջացնող քարեր
Երիկամային մեծ քարերը, որոնք չեն կարող ինքնուրույն մեզով դուրս գալ կամ առաջացնում են արյունահոսություն (արյունամիզություն), երիկամների վնասում կամ միզուղիների մշտական վարակներ, կարող են պահանջել ավելի ագրեսիվ բուժում: Միջամտությունները կարող են ներառել հետևյալը:
- Ձայնային ալիքներով քարերի փշրում. որոշ քարերի դեպքում՝ կախված դրանց չափերից և տեղակայումից, բժիշկը կարող է խորհուրդ տալ միջամտություն, որը կոչվում է արտամարմնային հարվածային ալիքային լիտոտրիպսիա (ԱՀԱԼ, անգլերեն՝ ESWL): ԱՀԱԼ-ն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ուժեղ թրթռումներ (ցնցող ալիքներ) ստեղծելու համար, որոնք քարերը փշրում են փոքրիկ կտորների, որոնք արդեն կարող են հեռանալ ձեր մեզով: Միջամտությունը տևում է մոտ 45-ից 60 րոպե և կարող է առաջացնել չափավոր ցավ, այնպես որ ձեզ հանգստացնող կամ թեթև անզգայացնող միջոցներ կտան՝ լիարժեք ցավազրկում ապահովելու համար: ԱՀԱԼ-ը կարող է առաջացնել մեզի մեջ արյուն (արյունամիզություն), մեջքի կամ որովայնի կապտուկներ, երիկամների և հարակից այլ օրգանների շուրջ արյունահոսություն, ինչպես նաև անհանգստություն, երբ քարերի բեկորներն անցնում են միզուղիներով:
- Երիկամներից շատ մեծ քարերի հեռացման վիրահատություն. միջմաշկային նեֆրոլիտոտոմիա կոչվող միջամտությունը ներառում է երիկամային քարի վիրահատական հեռացում փոքր էնդոսկոպների և գործիքների միջոցով, որոնք տեղադրվում են մեջքի փոքր կտրվածքով: Վիրահատության ընթացքում դուք կգտնվեք ընդհանուր անզգայացման ներքո և կմնաք հիվանդանոցում մեկից երկու օր՝ մինչև բավարար ապաքինվելը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ այս վիրահատությունը, եթե նախկինում կատարված ԱՀԱԼ-ն անհաջող է:
- Քարերի հեռացում էնդոսկոպիկ մեթոդով. ձեր միզածորանի կամ երիկամի ավելի փոքր քարը հեռացնելու համար բժիշկը կարող է միզածորանի և միզապարկի միջով անցկացնել բարակ խողովակ (ուրետերոսկոպ), որն ազատ ծայրին ունի լուսավորող տեսախցիկ: Երբ քարը գտնվի, հատուկ գործիքները կարող են բռնել քարը կամ կոտրել այն ավելի փոքր բեկորների, որոնք արդեն կարող են հեռանալ ձեր մեզով: Բժիշկն այնուհետև կարող է ձեր միզածորանի մեջ տեղադրել փոքրիկ խողովակ (ստենտ)՝ այտուցը թեթևացնելու և ապաքինմանը նպաստելու համար: Այս միջամտության ընթացքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել ընդհանուր կամ տեղային անզգայացում:
- Հարվահանաձև գեղձի վիրահատություն. կալցիումի ֆոսֆատային որոշ քարեր առաջանում են հարվահանաձև գեղձերի գերակտիվության պատճառով, որոնք տեղակայված են ձեր վահանաձև գեղձի չորս անկյուններում՝ ձեր ադամախնձորից անմիջապես ներքև: Երբ այս գեղձերն արտադրում են չափից շատ պարաթիրոիդ հորմոն (հիպերպարաթիրեոզ), ձեր արյան կալցիումի մակարդակը կարող է չափազանց բարձրանալ, որի արդյունքում առաջանան երիկամային քարեր: Հիպերպարաթիրեոզը երբեմն զարգանում է, երբ ձեր հարվահանաձև գեղձերից մեկնումեկում ձևավորվում է փոքր, բարորակ ուռուցք կամ ունեք մեկ այլ հիվանդություն, որը հանգեցնում է այս գեղձերի կողմից ավելի շատ պարաթիրոիդ հորմոն արտադրելուն: Գեղձային գերաճի հեռացումը դադարեցնում է երիկամների քարերի առաջացումը։ Բժիշկը նաև կարող է ձեզ խորհուրդ տալ բուժել այն հիվանդությունը, որն առաջացնում է հարվահանձև գեղձի հորմոնի գերարտադրություն:
Ձե բժիշկը նաև կարող է առաջարկել երիկամային քարերի կանխարգելմանն ուղղված ապրելակերպի փոփոխություններ և դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2023
Վերջին վերանայում՝ 29-05-2024