Երիկամային քարերի կանխարգելումը ներառում է ապրելակերպի փոփոխությունների և դեղամիջոցների համադրություն:
Ապրելակերպի փոփոխություններ
Դուք կարող եք նվազեցնել երիկամային քարերի առաջացման ռիսկը հետևյալ միջոցներով:
- Ջուր խմեք ամբողջ օրվա ընթացքում. երիկամային քարերի պատմություն ունեցող մարդկանց բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս խմել այնքան հեղուկ, որ օրական մոտ 2 լիտր մեզ արտադրվի: Ձեր բժիշկը կարող է խնդրել, որ չափեք ձեր միզարձակման ծավալը, որ համոզվեք, որ բավականաչափ ջուր եք խմում: Եթե ապրում եք տաք, չոր կլիմայական պայմաններում կամ հաճախակի ֆիզիկական վարժանքներ եք անում, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ ջուր խմել՝ բավարար քանակով միզարձակում ապահովելու համար: Եթե ձեր մեզը բաց գույնի և թափանցիկ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, բավականաչափ հեղուկներ եք ընդունում:
- Կերեք ավելի քիչ օքսալատով հարուստ մթերքներ. եթե ձեր օրգանիզմը հակված է կալցիումի օքսալատային քարերի ձևավորմանը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ սահմանափակեք օքսալատներով հարուստ մթերքների օգտագործումը: Դրանցից են՝ խավարծիլ, ճակնդեղ, բամիա, սպանախ, շվեյցարական չարդ, քաղցր կարտոֆիլ, ընկույզ, թեյ, շոկոլադ, սև պղպեղ և սոյայի արտադրանք:
- Ընտրեք աղի և կենդանական սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդակարգ. նվազեցրեք ձեր օգտագործած կերակրի աղի քանակը և ընտրեք ոչ կենդանական սպիտակուցի աղբյուրներ, ինչպիսիք են հատիկաընդավորները: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնները (CDC) և առողջապահական այլ խմբեր խորհուրդ են տալիս օրական օգտագործվող կերակրի աղը պահել 2300 մգ-ից ցածր մակարդակի վար: Հետևյալ մթերքները հարուստ են աղով և պետք է չափավոր օգտագործվեն՝ պանիր (բոլոր տեսակի), սառեցված մթերքների և մսերի մեծ մասը, ներառյալ՝ աղի խաշած միս, դելի միս (սառը կտորներ), հոթ-դոգ, բրատվուրստ և երշիկներ, պահածոյացված ապուրներ և բանջարեղեն, հաց, թխվածքաբլիթներ, գլանափաթեթներ և հացաբուլկեղեն, աղի խորտիկներ, ինչպիսիք են չիպսերը և պրետզելը, շշալցված աղցանների սոուսներ և որոշակի նախաճաշի փաթիլներ, թթու վարունգ և ձիթապտուղ, այլ «խառը» մթերքներ, պիցցա և լազանյա, պահածոյացված և շշալցված սոուսներ, որոշ համեմունքներ, ճաշի աղ և որոշ համեմունքների խառնուրդներ: Մտածեք աղի փոխարինիչ օգտագործելու մասին, ինչպիսին է Mrs. Dash-ը:
- Շարունակեք ուտել կալցիումով հարուստ մթերքներ, սակայն զգույշ եղեք կալցիումի հավելումների հետ. սննդի մեջ պարունակվող կալցիումը չի ազդում երիկամներում քարերի առաջացման ռիսկի վրա: Շարունակեք ուտել կալցիումով հարուստ մթերքներ, եթե ձեր բժիշկն այլ բան չի խորհուրդ տալիս: Կալցիումով հարուստ են՝ կալցիումով հարստացված ոչ կաթնամթերքային կաթ և հյութեր, կաթ և սերուցք, կեֆիր և կովի կաթի և սոյայի յոգուրտ: Կալցիումի հավելումներ ընդունելուց առաջ հարցրեք ձեր բժշկին, քանի որ դրանք կապված են երիկամային քարերի առաջացման ռիսկի հետ: Դուք նաև կարող եք նվազեցնել ռիսկը՝ հավելումներն ընդունելով սննդի հետ: Կալցիումի ցածր պարունակությամբ սննդակարգերը կարող են որոշ մարդկանց մոտ մեծացնել երիկամային քարերի առաջացումը:
- Կերեք շատ մրգեր և բանջարեղեն. оրական առնվազն հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն ուտելը խորհուրդ է տրվում բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն երիկամային քարերի հակում: Մրգերի և բանջարեղենի օգտագործումը ձեզ տալիս է կալիում, բջջանք (բջջանյութ), մագնեզիում, հակաօքսիդանտներ, ֆիտատ և ցիտրատ, որոնք կարող են օգնել քարերի ձևավորման կանխարգելմանը: Մեկ չափաբաժինը մեկ կտոր միրգն է կամ մեկ կարտոֆիլը կամ մեկ բաժակ հում բանջարեղենը: Եփած բանջարեղենի համար մեկ չափաբաժինը կես բաժակ է: Եթե անհանգստանում եք, որ չեք ուտում ճիշտ քանակությամբ մրգեր և բանջարեղեն, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որն է լավագույն տարբերակը ձեզ համար:
Խնդրեք ձեր բժշկին, որ ձեզ ուղեգրի դիետոլոգի (սննդաբանի) խորհրդատվության, որը կարող է օգնել ձեզ մշակելու սննդակարգ, որը նվազեցնում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը:
Դեղորայքային կանխարգելում
Դեղորայքը կարող է վերահսկել մեզի մեջ միներալների և աղերի քանակը և կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ձևավորում են որոշակի տեսակի քարեր: Ձեր բժշկի նշանակած դեղորայքի տեսակը կախված կլինի ձեր երիկամների քարերի տեսակից: Ահա մի քանի օրինակներ:
- Կալցիումական քարեր. կալցիումական քարերի առաջացումը կանխելու համար բժիշկը ձեզ կարող է նշանակել թիազիդային միզամուղ կամ ֆոսֆատ պարունակող պատրաստուկ:
- Միզաթթվային քարեր. ձեր բժիշկը կարող է նշանակել Ալոպուրինոլ (Զիլոպրիմ, Ալոպրիմ)՝ արյան և մեզի մեջ միզաթթվի մակարդակը նվազեցնելու համար, ինչպես նաև դեղամիջոց՝ մեզը հիմնային պահելու համար: Որոշ դեպքերում Ալոպուրինոլը և հիմնայնացնող նյութը կարող են քայքայել միզաթթվային քարերը:
- Ստրուվիտային քարեր. ստրուվիտային քարերի առաջացումը կանխելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր մեզը վարակ առաջացնող բակտերիաներից զերծ պահելու մոտեցումներ, ներառյալ հեղուկներ խմելը մեզի լավ հոսքը պահպանելու և հաճախակի միզելու համար: Հազվադեպ դեպքերում փոքր կամ ընդհատվող դեղաչափերով հակաբիոտիկների երկարատև օգտագործումը կարող է օգնել հասնելու այս նպատակին: Օրինակ, բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ որևէ հակաբիոտիկ երիկամների քարերի վիրահատական հեռացումից առաջ և որոշ ժամանակ անց: Բժիշկը նաև կարող է նշանակել Ացետոհիդրոքսամիկ թթու (AHA), որը ձեր մեզը դարձնում է անբարենպաստ ստրուվիտային քարերի առաջացման համար
- Ցիստինային քարեր. աղի և սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդակարգ առաջարկելու հետ մեկտեղ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի շատ հեղուկներ խմել, որ ավելի շատ մեզ արտադրեք: Եթե դա չի օգնում, բժիշկը նաև կարող է նշանակել այնպիսի դեղամիջոց, որը մեծացնում է ձեր մեզի մեջ ցիստինի լուծելիությունը, ինչպիսիք են d-Պենիցիլամինը կամ Թիոպրոնինը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2023
Վերջին վերանայում՝ 29-05-2024