Կլեպտոմանիայի ախտանիշները կարող են ներառել հետևյալը։
- Ձեզ ոչ անհրաժեշտ իրերը գողանալու ուժեղ ցանկությունը կամ հակումը դիմակայելու անկարողություն:
- Լարվածության, անհանգստության կամ գրգռվածության զգացում, որը հանգեցնում է գողության:
- Գողություն կատարելիս հաճույքի, թեթևության կամ բավարարվածության զգացում։
- Գողությունից հետո սարսափելի մեղքի, զղջման, ինքնամեղադրման և ինքնամերժման, ամոթի կամ ձերբակալման վախի զգացում:
- Հիվանդագին հակումների վերադարձ և կլեպտոմանիայի ցիկլի կրկնություն:
Առանձնահատկություններ
Կլեպտոմանիա ունեցող մարդիկ սովորաբար ունեն հետևյալ առանձնահատկությունները կամ բնութագրիչները:
- Ի տարբերություն խանութների սովորական գողերի կամ ջեբկիրների մեծամասնության, կլեպտոմանիա ունեցող մարդիկ նպատակասլաց գողություն չեն կատարում անձնական շահի, վիճաբանության, վրեժխնդրության կամ ընդդիմացման համար: Նրանք գողանում են պարզապես այն պատճառով, որ գողանալու ցանկությունը կամ հակումն այնքան ուժեղ է, որ ի վիճակի չեն դիմակայելու դրան:
- Կլեպտոմանիայի դրվագները սովորաբար ի հայտ են գալիս հանկարծակի՝ առանց նախապես պլանավորման և առանց այլ մարդկանց ներգրավման:
- Կլեպտոմանիա ունեցող մարդկանց մեծ մասը գողություն է անում հանրային վայրերում, ինչպիսիք են խանութները: Ոմանք կարող են գողանալ ընկերներից կամ ծանոթներից, օրինակ՝ երեկույթի ժամանակ:
- Հաճախ գողացված իրերը ոչ մի արժեք չունեն կլեպտոմանիայով տառապող մարդու համար, և նա ի վիճակի է գնել դրանք:
- Գողացված իրերը սովորաբար թաքցվում են, որ երբեք չօգտագործվեն: Իրերը կարող են նաև նվիրաբերվել, փոխանցվել ընտանիքի անդամներին կամ ընկերներին կամ նույնիսկ գաղտնի վերադարձվել այն վայրը, որտեղից գողացել են:
- Գողության ցանկությունը կարող է ի հայտ գալ և անհետանալ կամ ժամանակի ընթացքում առաջանալ ավելի մեծ կամ պակաս ուժգնությամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե չեք կարող դադարեցնել խանութից կամ այլ կերպ գողություն անելը, դիմեք ձեր բժշկին խորհրդատվության համար: Կլեպտոմանիայով բազմաթիվ մարդիկ չեն ցանկանում բուժման դիմել, քանի որ վախենում են ձերբակալվելուց կամ բանտարկվելուց: Այնուամենայնիվ, հոգեբույժը սովորաբար իրավապահներին չի հայտնում ձեր գողությունների մասին:
Որոշ մարդիկ դիմում են բուժօգնության, քանի որ վախենում են բռնվելուց և օրենքի հետ կապված խնդիրներ ունենալուց: Կամ արդեն ձերբակալվել են և պարտավոր են հարկադիր բուժում ստանալ:
Երբ ձեր սիրելին ունի կլեպտոմանիա
Եթե կասկածում եք, որ ձեր մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը կարող է ունենալ կլեպտոմանիա, նրան զգուշությամբ տեղեկացրեք ձեր մտահոգությունների մասին: Հիշեք, որ կլեպտոմանիան հոգեկան առողջության խնդիր է, այլ ոչ թե բնավորության վատ գիծ, ուստի, վերաբերվեք նրան առանց քննադատության կամ մեղադրանքի:
Զրույցի ընթացքում կարող է օգտակար լինել այս կետերն ընդգծելը:
- Դուք մտահոգված եք, քանի որ հոգ եք տանում նրա առողջության և բարեկեցության մասին:
- Դուք մտահոգված եք սևեռուն գողության ռիսկերով, ինչպիսիք են ձերբակալությունը, աշխատանքի կորուստը կամ արժեքավոր փոխհարաբերությունների խզումը:
- Դուք հասկանում եք, որ կլեպտոմանիայի դեպքում ինչ-որ բան գողանալու ցանկությունը կարող է չափազանց ուժեղ լինել դիմակայելու համար և զուտ ինքնուրույն ջանքեր գործադրելը կարող է անարդյունավետ լինել:
- Կան բուժումներ, որոնք կարող են օգնել, որ նվազագույնի հասցնեք գողանալու և առանց կախվածության և ամոթի ապրելու ցանկությունը:
Եթե օգնության կարիք ունեք այս խոսակցությանը նախապատրաստվելու համար, խոսեք ձեր բժշկի հետ: Նա կարող է ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի մոտ, ով կարող է օգնել ձեզ, որ նախապատրաստեք ձեր մտահոգությունները արտահայտելու ճիշտ մոտեցում՝ առանց ձեր ընկերոջը կամ հարազատին ստիպելու, որ իրեն վտանգված զգա:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024