Թեև վախը, նվաստացումը կամ ամոթը կարող են դժվարացնել ձեզ կլեպտոմանիայի բուժման դիմելը, սակայն վաղ օգնություն ստանալը կարևոր է:
Կլեպտոմանիան դժվար է սեփական ուժերով հաղթահարել։ Առանց բուժման, կլեպտոմանիան, ամենայն հավանականությամբ, կվերածվի շարունակական, երկարաժամկետ խնդրի:
Կլեպտոմանիայի բուժումը սովորաբար ներառում է դեղամիջոցներ և հոգեթերապիա կամ երկուսն էլ, երբեմն՝ փոխօգնության կամ օժանդակության խմբերի հետ միասին: Այնուամենայնիվ, կլեպտոմանիայի ստանդարտ բուժում չկա, և հետազոտողները դեռ փորձում են հասկանալ, թե որն է առկա տարբերակներից լավագույնը: Դուք կարող եք փորձել մի քանի տեսակի բուժում, որ գտնեք, թե որն է առավել արդյունավետը ձեզ համար:
Դեղորայքային բուժում
Կլեպտոմանիայի բուժման համար հոգեբուժական դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ հետազոտությունները խիստ սակավաթիվ են: Եվ ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից կլեպտոմանիայի դեմ հաստատված դեղամիջոց չկա: Այնուամենայնիվ, որոշ դեղամիջոցներ կարող են օգնել՝ կախված ձեր իրավիճակից և նրանից, թե արդյոք ունեք հոգեկան առողջության այլ խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ հոգեներգործուն նյութերի չարաշահումը:
Ձեր բժիշկը կարող է քննարկել հետևյալ դեղամիջոցների նշանակումը՝
- կախվածության բուժման դեղամիջոց, որը կոչվում է Նալտերքսոն և կարող է կրճատել հակումները և գողության հետ կապված հաճելի կամ բավարարվածության զգացողությունը
- որևէ հակադեպրեսանտ, հատկապես սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ
- այլ դեղամիջոցներ կամ դրանց տարբեր զուգակցումներ:
Եթե ձեզ դեղամիջոց է նշանակվել, հարցրեք ձեր բժշկին հնարավոր կողմնակի ազդեցությունների կամ որևէ այլ դեղամիջոցի հետ հնարավոր փոխազդեցությունների մասին:
Հոգեթերապիա (փսիխոթերապիա)
Հոգեթերապիայի մի տեսակը, որը կոչվում է կոգնիտիվ (ճանաչողական) վարքաբանական թերապիա, կօգնը ձեզ, որ բացահայտեք ձեր անառողջ, բացասական համոզմունքներն ու վարքագծերը և փոխարինեք դրանք առողջներով, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում օգտագործվել տարբեր իրավիճակներում: Կոգնիտիվ վարքաբանական թերապիան կարող է ներառել հմտությունների ձևավորման հետևյալ մեթոդները, որոնք կօգնեն ձեզ վերահսկել կլեպտոմանիայի դրդապատճառները:
- Համակարգային դեսենսիտիզացիա և հակազդեցություն, որի ժամանակ դուք կիրառում եք ռելաքսացիայի մեթոդներ և այլ մոտեցումներ, որ կլեպտոմանիա հրահրող իրավիճակներում սովորեք, թե ինչպես առողջ ձևով նվազեցնեք ձեր ներքին հորդորները:
- Թաքնված սենսիտիզացիա, որի ժամանակ պատկերացնում եք, թե ինչպես եք գողանում, ապա պատկերացնում եք բացասական հետևանքները, ինչպիսին է բռնվելը:
- Հակակրանքի թերապիա, որի ժամանակ կիրառում եք թեթև ցավ առաջացնող հնարք, օրինակ՝ ձեր շունչը պահում եք մինչև անհարմարավետ զգալը, երբ ձեզ մոտ գողանալու ցանկություն է առաջանում։
Սրացումների (ռելափսի) կանխարգելում
Նույնիսկ բուժումից հետո կլեպտոմանիայի ախտանիշների կրկնությունն անսովոր չէ: Ռելափսից խուսափելու համար համոզվեք, որ ճշտությամբ հետևում եք բուժման ծրագրին: Եթե զգում եք որևէ բան գողանալու անդիմադրելի ցանկություն, կապ հաստատեք ձեր հոգեկան առողջության մասնագետի, որևէ վստահելի անձնավորության կամ աջակցող խմբի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024