Առողջական խնդիրներ

Կիֆոզ

Կիֆոզ

Time Read 1 րոպե

​Կիֆոզը ողնաշարի դեպի առաջ ուղղված չափազանց կորությունն է՝ ուռուցիկ թեքությունը, որն արտահայտվում է մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ):

Նորմայում ողնաշարի կրծքային հատվածն ուղիղ դիրքում ունի թեթևակի թեք (կիֆոտիկ)` 20-45 աստիճան անկյուն: Կիֆոզի (կամ հիպերկիֆոզի) մասին խոսք է գնում, երբ այդ թեքությունը գերազանցում է 45 աստիճանը։

Ողնաշարի ախտաբանական այս ձևափոխումը (դեֆորմացիա) կարող է զարգանալ բոլոր տարիքներում, սակայն առավել տարածված է մեծ տարիքի կանանց շրջանում որպես ողնաշարի դեգեներատիվ խնդիրների հետևանք:

Տարիքով պայմանավորված կիֆոզը հաճախ առաջանում է ողնաշարը կազմող ոսկրերի՝ ողների թուլացման արդյունքում, որի պատճառով դրանք սեղմվում կամ ճաքում են: Կիֆոզի այլ տեսակները կարող են ի հայտ գալ նորածինների կամ անչափահասների մոտ (բնածին կիֆոզ), երբ դեռևս ներարգանդային կյանքում ողնաշարը ճիշտ չի ձևավորվում (օրինակ՝ ողների սխալ ձևավորում կամ միաձուլում), որը հետագայում երեխայի զարգացմանը զուգընթաց հանգեցնում է կիֆոզի:

Թեթև կիֆոզը սովորաբար քիչ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ծանր կիֆոզը կարող է ուղեկցվել հյուծիչ ցավերով և բերել կեցվածքի լուրջ ձևափոխմամբ պատճառված անհարմարությունների, ինչպես նաև շնչառական, սրտային, մարսողական և այլ բարդությունների:

Կիֆոզի բուժումը կախված է ձեր տարիքից, պատճառից և կիֆոտիկ ծռումների ազդեցություններից: Կիֆոզի բարձր աստիճաններով ծանր դեպքերում կարող է առաջանալ ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը կարող է որոշակիորեն վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը։

Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2021 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով