Անցնելով որոշակի փորձերի և սխալների շղթան, դուք կարող եք կանխատեսել ձեր օրգանիզմի արձագանքը լակտոզ (կաթնաշաքար) պարունակող մթերքներին և պարզել, թե որքան կարող եք ուտել կամ խմել՝ առանց ակնկալելու գանգատներ կամ ախտանիշներ:
Իրականում, միայն սակվաթիվ մարդիկ ունեն լակտոզի այնպիսի ծանր անհանդուրժողականություն, որ ստիպված են հրաժարվել կաթնամթերքի բոլոր տեսակներից և զգուշանալ կաթնաշաքար պարունակող ոչ դիետիկ մթերքներից կամ դեղամիջոցներից:
Պահպանեք բավարար սնուցումը
Ձեր սննդակարգում կաթնամթերքի կրճատումը չի նշանակում, որ դուք այլևս չեք կարող բավարար քանակությամբ կալցիում ստանալ: Կալցիումն առկա է բազմաթիվ այլ սննդամթերքներում, ինչպիսիք են՝
- բրոկոլի և կանաչատերև բանջարեղեն
- կալցիումով հարստացված արտադրանքներ, ինչպիսիք են հատիկավորները և հյութերը
- պահածոյացված սաղմոն կամ սարդինա
- կաթի փոխարինիչներ, ինչպիսիք են սոյայի կամ բրնձի կաթը
- նարինջներ
- նուշ, բրազիլական ընկույզ և չորացրած լոբիներ:
Նաև համոզվեք, որ ստանում եք բավարար քանակությամբ վիտամին D, որը սովորաբար առկա է հարստացված կաթում: Ձուն, լյարդը և մածունը նույնպես պարունակում են վիտամին D, և ձեր օրգանիզմը վիտամին D արտադրում է, երբ ժամանակ եք անցկացնում արևի տակ:
Նույնիսկ առանց կաթնամթերքի սահմանափակման, բազմաթիվ չափահասներ չեն ստանում բավարար քանակի վիտամին D: Համոզվելու համար խոսեք ձեր բժշկի հետ վիտամին D-ի և կալցիումի հավելումներ ընդունելու մասին:
Սահմանափակեք կաթնամթերքը
Լակտոզի անհանդուրժողականություն ունեցող մարդկանց մեծամասնությունը կարող է առանց հետագա ախտանիշների օգտվել կաթնամթերքի որոշ տեսակներից: Դուք կարող եք ավելի լավ հանդուրժել ցածր յուղայնության կաթնամթերքը, ինչպիսին է յուղազերծված, այլ ոչ թե չզտած կաթ պարունակող մթերքները: Հնարավոր է նաև, որ կարողանաք բարձրացնել ձեր հանդուրժողականությունը կաթնամթերքի նկատմամբ՝ դրանք աստիճանաբար փոքր քանակներով ներառելով ձեր սննդակարգի մեջ:
Լակտոզի անհանդուրժողականության ախտանիշները նվազագույնի հասցնելու համար փորձեք ձեր սննդակարգի փոփոխման հետևյալ տարբերակները:
- Փորձեք կաթնամթերքի ավելի փոքր չափաբաժիններ․ փոքր կումերով փորձեք կաթի փոքր քանակներ՝ միաժամանակ մինչև 118 միլիլիտր (4 ունցիա): Որքան փոքր է միանգամից օգտագործված կաթի քանակը, այնքան ավելի քիչ հավանական է, որ այն առաջացնի ստամոքսաղիքային խնդիրներ:
- Փորձեք կաթը ճաշելու ընթացքում. կաթ խմեք այլ մթերքների հետ միասին։ Սա դանդաղեցնում է մարսողական գործընթացը և կարող է թուլացնել լակտոզի անհանդուրժողականության ախտանիշները:
- Փորձարկեք կաթնամթերքի ողջ տեսականին. ոչ բոլոր կաթնամթերքներն են պարունակում նույն քանակությամբ կաթնաշաքար: Օրինակ, պինդ պանիրները, ինչպիսիք են շվեցարականը կամ չեդերը, ունեն փոքր քանակությամբ կաթնաշաքար և հաճախ որևէ ախտանիշ չեն առաջացնում: Պաղպաղակը և կաթը պարունակում են ամենաշատ կաթնաշաքարը, սակայն պաղպաղակի բարձր յուղայնությունը կարող է թույլ տալ ձեզ ուտել այն առանց ախտանիշների: Դուք կարող եք հանդուրժել կաթնաթթվային մթերքներ, ինչպիսին է յոգուրտը կամ մածունը, քանի որ մարսողության գործընթացում օգտագործվող բակտերիաները բնականում արտադրում են լակտոզը քայքայող ֆերմենտ:
- Գնեք կաթնաշաքարի ցածր պարունակությամբ կամ կաթնաշաքար չպարունակող մթերքներ․ դրանք կարող եք գտնել բազմաթիվ սուպերմարկետների կաթնամթերքի բաժնում:
- Օգտագործեք լակտազ ֆերմենտի հաբեր կամ կաթիլներ․ լակտազ ֆերմենտ պարունակող հաբերը կամ կաթիլները (Լակտէյդ և այլն) կարող են օգնել կաթնամթերքի յուրացմանը: Դուք կարող եք հաբեր ընդունել ճաշից կամ ուտեստից անմիջապես առաջ, իսկ կաթիլները կարող եք ավելացնել մեկ տուփ կաթի մեջ: Այնուամենայնիվ, այս միջոցները չեն օգնում լակտոզի անհանդուրժողականություն ունեցող բոլոր մարդկանց:
Այլընտրանքային բժշկություն
Պրոբիոտիկներ
Պրոբիոտիկները կենդանի օրգանիզմներ են, որոնք առկա են ձեր աղիքներում և օգնում են մարսողական համակարգի առողջ վիճակի պահպանմանը: Պրոբիոտիկները նաև հասանելի են որպես ակտիվ կամ «կենդանի» կուլտուրաներ որոշ յոգուրտներում կամ մածուններում և որպես հավելումներ՝ պարկուճների (կապսուլաների) տեսքով:
Պրոբիոտիկները երբեմն օգտագործվում են աղեստամոքսային խողովակի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են փորլուծությունը և գրգռված աղիքի համախտանիշը: Դրանք նաև կարող են օգնել ձեր օրգանիզմին, որ ավելի լավ յուրացնի կաթնաշաքարը: Պրոբիոտիկները հիմնականում համարվում են անվտանգ և կարող են փորձարկվել, եթե այլ մեթոդները չեն օգնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024