Շրթունքների քաղցկեղի բուժումը ներառում է տարբեր մոտեցումներ և միջամտություններ:
- Վիրահատական բուժում. վիրահատությունը նշանակվում է շրթունքների քաղցկեղը և այն շրջապատող առողջ հյուսվածքի եզրը հեռացնելու համար, որից հետո վիրաբույժը վերականգնում է շրթունքը՝ նորմալ ուտելու, խմելու և խոսելու համար: Օգտագործվում են նաև սպիները նվազեցնող տեխնիկաներ: Փոքր քաղցկեղի դեպքում վիրահատությունից հետո շրթունքի վերականգնումը կարող է ընթանալ պարզ միջամտությամբ: Սակայն, շրթունքների ավելի մեծ քաղցկեղի դեպքում կարող են անհրաժեշտ լինել հմուտ պլաստիկ և վերականգնող վիրաբույժներ՝ շրթունքները վերականգնելու համար: Վերականգնողական վիրահատությունը կարող է ներառել մարմնի մեկ այլ մասից հյուսվածքների և մաշկի տեղափոխում դեպի դեմք (աուտոտրանսպլանտացիա): Շրթունքների քաղցկեղի վիրահատությունը նաև կարող է ներառել ախտահարված պարանոցային ավշային հանգույցների հեռացում:
Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա). ճառագայթային թերապիան օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Շրթունքների քաղցկեղի ճառագայթային թերապիան կարող է նշանակվել առանձին կամ վիրահատությունից հետո: Ճառագայթումը կարող է ուղղված լինել միայն ձեր շրթունքին կամ այն կարող է ուղղված լինել նաև ձեր պարանոցային ավշային հանգույցներին: Շրթունքների քաղցկեղի ճառագայթային թերապիան առավել հաճախ անցկացվում է մեծ սարքով, որը ճշգրիտ կենտրոնացնում է էներգիայի ճառագայթներն անմիջապես քաղցկեղային հյուսվածքի վրա: Սակայն, որոշ դեպքերում ճառագայթման աղբյուրը կարող է ուղղակիորեն տեղադրվել ձեր շուրթերի վրա և կարճ ժամանակով թողնել տեղում: Այս միջամտությունը, որը կոչվում է բրախիթերապիա, բժիշկներին թույլ է տալիս օգտագործել ավելի մեծ չափաբաժիններով ճառագայթում:
- Քիմիոթերապիա. քիմիաթերապիան օգտագործում է հզոր դեղամիջոցներ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Շրթունքների քաղցկեղի դեպքում քիմիոթերապիան երբեմն օգտագործվում է ճառագայթային թերապիայի հետ միասին՝ բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար: Շրթունքների տարածված քաղցկեղի դեպքում, որը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններ, քիմիոթերապիան կարող է նշանակվել գանգատներն ու ախտանիշները նվազեցնելու և ձեզ ավելի հարմարավետ դարձնելու համար:
- Թիրախային դեղորայքային թերապիա. թիրախային դեղորայքային բուժումները կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում առկա կոնկրետ թուլությունների վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների ոչնչացման: Թիրախային դեղորայքային թերապիան սովորաբար զուգորդվում է քիմիոթերապիայի հետ:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգնում է ձեր իմունային համակարգին պայքարելու քաղցկեղի դեմ: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը կարող է չգրոհել քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղային բջիջներն արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են իմունային համակարգի բջիջների համար «անտեսանելի» մնալուն: Իմունոթերապիան գործում է՝ միջամտելով այդ գործընթացին։ Շրթունքների քաղցկեղի դեպքում իմունոթերապիան կարող է առաջարկվել, երբ քաղցկեղը տարածված է, և այլ բուժումները չեն օգնում կամ չեն կարող անցկացվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024