Լյարդի քաղցկեղ
06-05-2018
2 րոպե
Լյարդի քաղցկեղը մարդու ամենամեծ գեղձի՝ լյարդի բջիջերի քաղցկեղային ախտահարումն է։
Լյարդի քաղցկեղը տղամարդկանց շրջանում 5-րդ և կանանց շրջանում 8-րդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։
Լյարդի քաղցկեղի տեսակները
Լյարդը տեղակայված է որովայնի աջ կողմում, ձեր կողերի անմիջապես տակ։ Այն արտադրում է լեղի և արյան սպիտակուցներ, զտում է ձեր արյունը, վնասազերծում վնասակար քիմիական նյութերը և կատարում այլ կենսականորեն անփոխարինելի գործեր։
Տարբերում են լյարդի քաղցկեղի երկու հիմնական տեսակներ՝ «առաջնային», երբ քաղցկեղը սկսվում է լյարդից, և «երկրորդային», երբ մարմնի այլ շրջաններում տեղակայված քաղցկեղը տարածվելով հասնում է լյարդ (մետաստազ)։
Լյարդի առաջնային քաղցկեղ
Լյարդի առաջնային քաղցկեղով մարդկանց մեծ մասի մոտ առկա է հեպատոմա կամ հեպատոցելուլյար քաղցկեղ, որը սկսվում է լյարդային գլխավոր բջիջներից՝ հեպատոցիտներից։
Քաղցկեղը կարող է սկսվել որպես եզակի ուռուցք և տարածվել ողջ լյարդով մեկ կամ միաժամանակ առաջանալ լյարդի տարբեր հատվածներում։
Լյարդի առաջնային քաղցկեղի այլ տեսակներից են՝
- խոլանգիոկարցինոմա կամ լեղուղու քաղցկեղ, որը սկսվում է լեղուղու լորձաթաղանթից
- անգիոսարկոմա՝ լյարդի հազվադեպ հանդիպող քաղցկեղ, որը սկսվում է լյարդի արյունատար անոթներից։
Եթե լյարդի առաջնային քաղցկեղը վաղ չի ախտորոշվում կամ բուժումն անարդյունավետ է, այն կարող է մետաստազներ առաջացնել մարմնի այլ շրջաններում։
Լյարդի երկրորդային քաղցկեղ
Ավելի հաճախ լյարդը քաղցկեղային ախտահարման ենթարկվում է երկրորդային, երբ «սկզբնական օջախը» տեղակայված է լյարդից դուրս՝ այլ օրգան-համակարգերում։ Լյարդի մետաստազներ կարող են զարգանալ աղիների, կրծքագեղձի, ձվարանի և թոքի քաղցկեղներից, ինչպես նաև մելանոմաներից։
Հոդվածը վերանայվել է՝ 18-05-2021