Բոլոր այն միջոցառումները, որոնք կարող են հետաձգել կամ կանխարգելել լյարդի քրոնիկ վնասումը, կարող են նաև կրճատել լյարդի առաջնային քաղցկեղի ռիսկը։
Նվազեցրեք ցիռոզի ձեր ռիսկը
Ցիրոզը լյարդի սպիացումն է, և այն մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը: Դուք կարող եք նվազեցնել ցիռոզի ձեր ռիսկը հետևյալ քայլերով:
- Եթե օգտագործում եք ալկոհոլ, խմեք միայն չափավոր քանակությամբ. եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործել, սահմանափակեք ձեր խմած քանակությունը: Կանանց համար դա նշանակում է ոչ ավելի, քան օրական մեկ ստանդարտ չափաբաժին (drink), իսկ տղամարդկանց համար՝ ոչ ավելի, քան օրական երկու չափաբաժին:
- Պահպանեք առողջ քաշը. եթե ձեր ընթացիկ քաշն առողջ է, աշխատեք պահպանել այն՝ ընտրելով առողջ սննդակարգ և ֆիզիկական վարժանքներ անելով շաբաթվա օրերի մեծ մասը: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, կրճատեք ձեր կերած կալորիաների քանակը և ավելացրեք ձեր կատարած վարժանքների քանակը: Նպատակ դրեք նիհարել դանդաղորեն՝ շաբաթական ոչ ավելի, քան 0,5-ից 1 կիլոգրամ:
Պատվաստվեք հեպատիտ B-ի դեմ
Դուք կարող եք նվազեցնել հեպատիտ B-ի ռիսկը՝ ստանալով հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութ: Պատվաստանյութը կարող է տրվել գրեթե բոլորին, ներառյալ նորածիններին, չափահասներին և թույլ իմունային համակարգ ունեցողներին:
Միջոցներ ձեռնարկել հեպատիտ C-ի կանխարգելման համար
Հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն դուք կարող եք նվազեցնել վարակվելու ձեր ռիսկը:
- Տեղեկացեք ձեր ցանկացած սեռական զուգընկերոջ առողջական վիճակի մասին. մի՛ զբաղվեք անպաշտպան սեռական հարաբերություններով, քանի դեռ համոզված չեք, որ ձեր զուգընկերը վարակված չէ HBV-ով, HCV-ով կամ որևէ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով: Եթե չգիտեք ձեր զուգընկերոջ առողջական վիճակը, ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալիս պահպանակ օգտագործեք։
- Մի՛ օգտագործեք ներերակային թմրամիջոցներ, բայց եթե օգտագործում եք, օգտագործեք մաքուր ներարկման պարագաներ. նվազեցրեք HCV-ի ձեր ռիսկը՝ չներարկվելով ապօրինի թմրամիջոցներ: Սակայն, եթե դա անհնար եք համարում, համոզվեք, որ ձեր օգտագործած ցանկացած ասեղ, ներարկիչ և ներարկման այլ պարագա ստերիլ է և մի՛ օգտագործեք դրանք այլ մարդկանց հետ միասին: Թմրամիջոցների աղտոտված պարագաները հեպատիտ C-ով վարակվելու տարածված պատճառ են հանդիսանում: Օգտվեք ձեր համայնքում գործող ներարկիչների փոխանակման ծրագրերից և մտածեք ձեր թմրամիջոցների օգտագործման համար օգնություն փնտրելու մասին:
- Պիրսինգ կամ դաջվածք անելիս փնտրեք անվտանգ, մաքուր խանութներ կամ սրահներ. ասեղները, որոնք կարող են պատշաճ կերպով ստերիլիզացված չլինել, կարող են տարածել հեպատիտ C-ի վիրուսը: Նախքան պիրսինգ կամ դաջվածք անելը, ստուգեք ձեր տարածքում գտնվող խանութները կամ սրահները և հարցրեք անձնակազմի անդամներին իրենց անվտանգության միջոցների մասին: Եթե աշխատակիցները հրաժարվում են պատասխանել ձեր հարցերին կամ լուրջ չեն վերաբերվում ձեր հարցերին, դա ընդունեք որպես նշան, որ հաստատությունը ձեզ համար հարմար չէ:
Դիմեք բուժման, եթե ունեք հեպատիտ B կամ C վարակ
Բուժման միջոցները հասանելի են Հեպատիտ B և հեպատիտ C վարակների համար մատչելի են բուժման միջոցներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս վարակների բուժումը կարող է նվազեցնել լյարդի քաղցկեղի ռիսկը:
Հարցրեք ձեր բժշկին լյարդի քաղցկեղի սքրինինգի մասին
Ընդհանուր բնակչության համար լյարդի քաղցկեղի սքրինինգն ապացուցված չէ, որ նվազեցնում է լյարդի քաղցկեղից մահանալու ռիսկը, և այն սովորաբար խորհուրդ չի տրվում: Լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են մտածել սքրինինգի մասին, օրինակ՝ մարդիկ, ովքեր ունեն`
- հեպատիտ B վարակ
- հեպատիտ C վարակ
- լյարդի ցիռոզ:
Ձեր բժշկի հետ քննարկեք սքրինինգի դրական և բացասական կողմերը: Միասին դուք կարող եք որոշել, թե արդյոք սքրինինգը ճիշտ է ձեզ համար՝ ելնելով ձեր ռիսկից: Սքրինինգը սովորաբար ներառում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ արյան թեստ և որովայնի գերձայնային հետազոտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024