Մաստէկտոմիան կրծքագեղձի ամբողջական հեռացման վիրահատությունն է, որը սովորաբար կատարվում է կրծքագեղձի քաղցկեղը բուժելիս:
Կրկնակի մաստէկտոմիան երկու կրծքագեղձերի հեռացումն է:
Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձից սկսվող չարորակ նորագոյացություն է: Քաղցկեղային բջիջները կարող են աճել կրծքագեղձում և ավելի ուշ տարածվել այլ շրջաններ: Վիրահատությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդներից մեկն է:
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության երկու հիմնական տարբերակներն են՝
- կրծքագեղձապահպան վիրահատություն (մասնակի ռեզեկցիա), երբ հեռացվում է կրծքագեղձի միայն քաղցկեղով ախտահարված մասը
- մաստէկտոմիա, երբ հեռացվում է ամբողջ կրծքագեղձը:
Մաստէկտոմիա կարող է առաջարկվել, երբ քաղցկեղը մեծ է կամ կրծքագեղձում կան մեկից ավելի քաղցկեղային օջախներ:
Կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ բարձր ռիսկով կանանց կարող է առաջարկվել այս վիրահատությունը, որ կրճատվի քաղցկեղի զարգացման ռիսկը: Սա կոչվում է կանխարգելիչ մաստէկտոմիա:
Ինչպե՞ս նախապատրաստվել մաստէկտոմիային
Մինչև վիրահատությունը դուք կհանդիպեք վիրաբույժի և անեսթեզիոլոգի հետ, որ քննարկեք բուն վիրահատության և հետվիրահատական բուժման հետ կապված հարցերը: Վիրաբույժը կարող է առաջարկել մաստէկտոմիայից անմիջապես հետո կրծքագեղձի վերաձևում (ռեկոնստրուկցիա), որը կարող եք քննարկել պլաստիկ վիրաբույժի հետ:
Ի՞նչ է կատարվում մաստէկտոմիայի ընթացքում
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո, ուստի մաստէկտոմիայի ողջ ընթացքն անցկացնելու եք քնած վիճակում և որևէ ցավ չեք զգալու: Վիրաբույժը կրծքագեղձի շուրջբոլորը կատարում է կտրվածք, որ հեռացնի գեղձային հյուսվածքը: Կրծքագեղձը ծածկող մաշկը և պտուկը նույնպես կարող են հեռացվել: Վիրահատությունը սովորաբար տևում է 1-2 ժամ կամ ավելի երկար, եթե մաստէկտոմիայից հետո իրականացվելու է նաև կրծքագեղձի վերականգնում (ռեկոնստրուկցիա):
Ի՞նչ ակնկալել միջամտությունից հետո
Կախված իրավիճակից, մաստէկտոմիայից հետո կարիք կունենաք հիվանդանոցում անցկացնել մեկ օրից մինչև մեկ շաբաթ: Քանի դեռ վիրահատական վերքը լավանում է, կարող եք նշել որոշակի ցավեր, անհարմարավետություն կամ կրծքագեղձի կամ թևատակի շրջանում թմրածություն: Երբեմն սպիի շուրջ կուտակվում է հեղուկ (սերոմա), որը դրենավորվում և չորացվում է: Զրուցեք բժշկի հետ վիրահատության հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Հիշեք, որ դրանց մեծ մասը կարող է վերահսկվել կամ մեղմացվել:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ
Եթե կրծքագեղձի հետ միասին հեռացվում են նաև հարակից՝ ուսագոտու և թևատակի ավշային հանգույցները, կարող եք նույն շրջաններում զգալ թմրածություն: Թեև ժամանակի ընթացքում գանգատը կարող է թեթևանալ, սակայն որոշ զգացողություններ կարող են ստանալ երկարատև կամ մշտական բնույթ:
Ավշային հանգույցների հեռացումը նաև բարձրացնում է լիմֆոդեմա կոչվող առողջական խնդրի զարգացման ռիսկը: Նման վիճակի զարգացման մասին կարող են վկայել վիրահատությունից շաբաթներ անց զարգացող կրծքի, ձեռքի, ձեռնաթաթի կամ կրծքավանդակի այտուցվածությունը:
Մաստէկտոմիան և ձեր հույզերը
Յուրաքանչյուր վիրահատություն սթրեսով և հույզերով լի իրադարձություն է: Նման դեպքերում խնամողի, բուժքրոջ կամ բժշկի հետ զրույցները կարող են նպաստել ստեղծված վիճակին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն հարմարվելուն:
Կրծքագեղձի քաղցկեղը և դրա բուժումը, օրինակ՝ մաստէկտոմիան, կարող են զգալիորեն ազդել մարմնակառուցվածքի, կանացիության զգացողության և ինքնագնահատականի վրա: Օրինակ, վիրահատությունից ամիսներ անց կարող եք զգալ սեռական ցանկության թուլացում և որոշակի հոգեբանական ընկճվածություն:
Եթե այս վիճակն ինքնուրույն հաղթահարել չի հաջողվում, զրուցեք բժշկի հետ հոգեթերապևտի հնարավոր օժանդակության մասին: Որոշակի ինքնավստահություն նաև կարող է տալ մաստէկտոմիայից հետո կրծքանման պրոթեզի կամ իմպլանտի կրումը, որը թաքցնում է կրծքագեղձի բացակայության փաստը:
Նման դեպքերում ճիշտ կլինի հոգ տանել ձեր մասին՝ որպես անձի, այլ ոչ թե կենտրոնանալ մարմնի ձևափոխված շրջանի վրա:
Լրացուցիչ տեղեկատվություն
Կրծքագեղձի քաղցկեղի մասին
Այցելե՛ք Մեդեքսի կրծքագեղձի քաղցկեղ էջը, որ ծանոթանաք հիվանդության և բուժման տարբերակների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 09-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024