Մենինգիոմայի գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են աստիճանաբար և սկզբում կարող են շատ թույլ լինել:
Կախված նրանից, թե գլխուղեղի կամ, հազվադեպ, ողնուղեղի որ շրջանում է գտնվում ուռուցքը, գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- տեսողության փոփոխություններ, օրինակ՝ երկտեսություն (դիպլոպիա) կամ մշուշոտ տեսողություն
- գլխացավեր, հատկապես առավոտյան սաստկացող
- լսողության կորուստ կամ ականջներում զնգոց (տինիտուս)
- հիշողության կորուստ (ամնեզիա)
- հոտառության կորուստ (անօսմիա)
- ցնցումներ
- թուլություն ձեր ձեռքերում կամ ոտքերում
- լեզվային դժվարություններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Մենինգիոմայի գանգատների և ախտանիշների մեծ մասը դանդաղ է զարգանում, սակայն երբեմն մենինգիոման պահանջում է անհետաձգելի օգնություն:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- հանկարծակի սկսված ցնցումներ
- տեսողության կամ հիշողության հանկարծակի փոփոխություններ:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ձեզ անհանգստացնող մշտական գանգատներ և ախտանիշներ, օրինակ՝ գլխացավեր, որոնք ժամանակի ընթացքում վատթարանում են:
Շատ դեպքերում մենինգիոմաները որևէ նկատելի գանգատներ կամ ախտանիշներ չեն առաջացնում, ուստի հայտնաբերվում են միայն պատկերաին հետազոտության արդյունքում, որոնք արվել են ուռուցքի հետ կապ չունեցող պատճառներով, ինչպիսիք են գլխի վնասվածքը, ինսուլտը կամ գլխացավը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024